Ողջունում ենք հրատապ քննարկումների արդյունքում Եվրոպական խորհրդարանի կողմից մայիսի 20-ին ընդունված բանաձեւը, որում Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ եւ դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի արտաքին գործերի նախարարությունը։
«Բարձր ենք գնահատում այս կարեւոր հումանիտար հարցի լուծմանն ուղղված Եվրախորհրդարանի անդամների զգալի մեծամասնության ջանքերը՝ շարունակական ճնշման միջոցով ապահովելու Ադրբեջանի կողմից սեփական միջազգային հանձնառությունների, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ Ժնեւյան կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների կատարումը։ Այս բանաձեւը զգալիորեն կնպաստի հայ գերիների հայրենադարձմանն ուղղված միջազգային հանրության հավաքական ջանքերին։
Գոհունակությամբ ենք նշում, որ բանաձեւում մեծ նշանակություն է տրվում Արցախի անվտանգությանը եւ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը: Կարեւորում ենք Եվրոպական խորհրդարանի այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման համար պարտադիր սկզբունքներ են ժողովուրդների հավասար իրավունքներն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։
Ողջունում ենք նաեւ Եվրախորհրդարանի կողմից մայիսի 19-ին ընդունված բանաձեւը, որով ԵՄ-ին եւ նրա անդամ երկրներին կոչ է արվում «ռասիստական աջ ծայրահեղական» «Գորշ գայլեր» շարժումը դասակարգել որպես ահաբեկչական, ինչպես նաեւ արգելել այդ շարժման միությունների ու կազմակերպությունների գործունեությունը ԵՄ անդամ երկրներում: Բանաձեւն էական քայլ է տարածաշրջանում ծայրահեղականության եւ ռասիզմի դեմ պայքարում։ Այն նաեւ հստակ եւ կարեւոր ուղերձ կլինի վտարյալ պետություններին առ այն, որ միջազգային հանրությունը դիմակայում է նրանց ցեղասպան քաղաքականությանը»,- նշվում է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը