Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
«Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից։ Հիշեցնենք, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ստանալ, ապահովման բոլոր հնարավոր ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ, այսինքն՝ նրանք զրկված են սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից։
Իրադրությունը կայուն է, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ամրաշինական որևէ գործողություն չեն իրականացնում և իրավիճակի սրման փորձեր չեն անում։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ մեկնարկած բանակցությունները կշարունակվեն այսօր, ժամը 14։00-ին»,– ասվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը