Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից 2021թ. ապրիլի 7-ին հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել Նիկոլ Փաշինյանին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:
Հիշեցնենք, որ ապրիլինի 6-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել էր վարչապետի խորհրդականի պաշտոնից:
Արշակ Կարապետյանը նախկինում զբաղեցնում էր Զինված ուժերի ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը, այդ պաշտոնից հեռացվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո:
Կարապետյանը 2018 թվականի փետրվարին նշանակվել էր Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, իսկ նույն տարվա դեկտեմբերին`Նիկոլ Փաշինյանի խորհրդական։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը