Մարտի 11-ին և 12-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները, որոնք ամրագրված են 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում: Գոհունակությամբ նշվել է, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, և իրավիճակը տարածաշրջանում հիմնականում կայուն և հանգիստ է: Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը բարձր են գնահատել շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունները:
Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցերին: Այս համատեքստում դրական է գնահատվել 3 երկրների փոխվարչապետերի կողմից համանախագահող աշխատանքային խմբի գործունեությունը:
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական համագործակցության արդիական հարցերի շուրջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը