04 03 2021

Ռազմագերիների հարցում թե՛ ԵՄ-ն եւ թե՛ ԵՄ անդամ երկրներն ավելի շատ ասելիք պետք է ունենան․Այվազյան



Մարտի 4-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության անդամներ։

Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը: 

Իր խոսքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց. «Համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտը և դրա ուժի մեջ մտնելն իսկապես կարևոր իրադարձություն է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման համար։ Համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն ոչ միայն մեծապես խթանում է ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների իրականացման գործընթացը, այլև ինքնին հանդիսանում է մեր բարեփոխումների օրակարգի առանցքային հիմքերից մեկը։ Հարկ է նշել, որ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը շոշափելիորեն կազդի մեր քաղաքացիների կյանքի և բիզնեսի տարբեր ոլորտների վրա: Բոլորս գիտակցում ենք, որ եվրոպական լավագույն փորձի մոտարկումը կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, կխթանի համագործակցությունը ենթակառուցվածքների, տնտեսության, շրջակա միջավայրի և մի շարք այլ ոլորտներում»։

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու առիթով ելույթ ունեցավ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն՝ ընդգծելով. «ՀԸԳՀ֊ի լիարժեք վավերացումը ՀՀ և ԵՄ միջև հարաբերություններում ձեռքբերված անկյունաքարային իրադարձություն է։ Եվրոպական Միությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում` ի շահ ՀՀ և նրա քաղաքացիների զարգացման»:

Շնորհավորելով գործընկերներին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարար Արա Այվազյանը բարձր գնահատեց Հայաստանի և Եվրամիության աշխատանքային խմբերի ջանքերը` այս կարևոր ձեռքբերումը կյանքի կոչելու գործում: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ընդգրկում է մեր երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը, ինչպես նաև կուռ իրավական հիմք է ստեղծում տնտեսական և ոլորտային համագործակցության շրջանակն ամրապնդելու և ընդլայնելու համար` մեծապես խթանելով տարբեր ոլորտներում ներքին բարեփոխումների շարունակումը` ի շահ մեր քաղաքացիների»:

Նախարարն իր խոսքում ընդգծեց, որ Եվրոպական միության և իր անդամ երկրների հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հավակնությունների վրա հիմնված հարաբերությունների ամրապնդումն առաջնային գերակայություն է Հայաստանի համար և ուղղված է լավ զարգացած և տոկուն հասարակության կառուցմանը։ «Խոսելով ընդհանուր արժեքների մասին՝ մենք չենք կարող անտեսել, թե ինչպես են այդ արժեքները ճնշվել և ոտնահարվել Արցախի խաղաղ ժողովրդի նկատմամբ կիրառված ուժի գործադրման արդյունքում: Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ տևեց 44 օր և ստեղծեց նոր, անկայուն իրավիճակ տարածաշրջանում՝ բոլոր հնարավոր բացասական հետևանքներով:

Մենք հիրավի բախվել ենք նոր մարտահրավերների, սակայն դրա հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն աջակցելու մեր վճռականությունը չի խարխլվել: Կցանկանայի շեշտել, որ  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում հստակորեն վկայակոչում է նշված իրավունքը, որն այժմ հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իր իրավունքներից, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքից զրկելն էր»:

Նախարար Այվազյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի համար առաջնային կարևորության հարցի՝ Ադրբեջանի կողմից ռազմագերիների և որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ ազատ արձակման և անվտանգ վերադարձի վրա՝ այդ առնչությամբ բարձր գնահատելով ԵՄ դիրքորոշումը: «Կարծում ենք, որ այս հարցում թե՛ ԵՄ-ն և թե՛ ԵՄ անդամ երկրներն ավելի շատ ասելիք պետք է ունենան, քանի որ խոսքը գնում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգության և կայունության, այլև կոնկրետ մարդկանց կյանքի մասին»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ