31 12 2020

Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է. Միքայել Արզումանյան

Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է. Միքայել Արզումանյան

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ. Արզումանյանը հանդես է եկել ուղերձով՝ տարեմուտի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, Հարգելի զինակիցներ, Ավարտվում է հերթական տարին: Մեր ժողովուրդը շրջում է իր պատմության բարդագույն էջերից մեկը: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը խոր վերքեր է թողել յուրաքանչյուրիս հոգում: Թշնամու ագրեսիան կասեցնելիս նահատակվել են մեր ժողովրդի հազարավոր զավակներ՝ իրենց զոհաբերությամբ խափանելով Արցախն ամբողջովին հայաթափելու հրեշավոր ծրագիրը: Այս պատերազմի ընթացքում հայ մարտիկը կռվել է Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության միացյալ ուժերի դեմ:

Այո՛, պատերազմը չի ավարտվել այնպես, ինչպես մենք կցանկանայինք, սակայն հայ զինվորը, ծանրագույն մարտերի ընթացքում զոհաբերելով իր կյանքը, կորցնելով իր առողջությունը, ստիպված լինելով թողնել հայրենիքի մի մասը, չի կորցրել իր պատիվը: Թշնամական դաշինքի բացարձակ գերակայության պայմաններում հայ մարտիկների կատարածը, որը կարելի է բնութագրել միայն անօրինակ տոկունություն բառերով, հնարավոր է դարձրել մի իրողություն, ինչի հետ հաշվի է նստում ամբողջ աշխարհը.

Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է: Փառք հայրենքի պաշտպանության ժամանակ բոլոր նահատակվածներին: Նրանք հավերժ ապրելու են մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ: Կորստի վիշտը բոլորինս է, բոլորինս է նաև մեր գործը շարունակելու պարտքը: Յուրաքանչյուր Ամանոր անցնող տարին գնահատելու, իմաստավորելու և նոր տարվա նպատակները սահմանելու առիթ է: Այո՛, այսօր ունենք այն, ինչ ունենք, սակայն դա չպետք է դառնա հուսալքվելու պատճառ:

2021 թվականը թո՛ղ լինի մեկնարկային կետ, որից պետք է շարժվենք առաջ՝ լի վճռականությամբ ու հավատով, պատրաստ միասնաբար իրականություն դարձնել այն նպատակները, որոնց համար իրենց կյանքը զոհաբերել են մեր քույրերն ու եղբայրները: Մեր խոնարհումը նահատակված հայրենակիցների ընտանիքներին, Փառք հայ ժողովրդին, Փառք հայ մարտիկին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ