31 12 2020

Մեզանից յուրաքանչյուրն այսուհետ պետք է ընդամենը մեկ առաքելություն ունենա. աշխատել․ ՊՆ ուղերձը

Մեզանից յուրաքանչյուրն այսուհետ պետք է ընդամենը մեկ առաքելություն ունենա. աշխատել․ ՊՆ ուղերձը

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի տարեվերջյան ուղերձ է հղել.

«Սիրելի՛ ծառայակից ընկերներ 2020 թվականը չափազանց ծանր տարի էր հայ ժողովրդի և հայոց բանակի համար։ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մենք կորցրեցինք մեր ժողովրդի լավագույն զավակներին, մեր մարտական ընկերներին՝ զինվորների ու հրամանատարների, որոնց հիշատակը ընդմիշտ կմնա բոլորիս սրտերում։ Հավերժ փաʼռք մեր բոլոր հերոսներին։ Բայց այդ պատերազմը ևս մեկ անգամ ի ցույց դրեց հայոց զինվորի ու սպայի անկոտրում ոգին, անձնազոհության անչափելի աստիճանն ու անմնացորդ նվիրումը Հայրենիքին։ Եվ մեզանից յուրաքանչյուրը, զինվորից մինչև գեներալ, այսօր և հավերժ պարտք ենք մեր բոլոր հերոսներին։

Եվ մեզանից յուրաքանչյուրը՝ զինվորից մինչև գեներալ, պարտավոր է վերադարձնել այդ պարտքը։ Մեզանից յուրաքանչյուրն այսուհետ պետք է ընդամենը մեկ առաքելություն ունենա. աշխատել։ Աշխատել ուժերի գերլարումով։ Աշխատել՝ միայն առաջ նայելով։ Աշխատել՝ մտքում ունենալով այն հստակ համոզմունքը, որ իրականացնում ենք ամենակարևոր առաքելությունը՝ Հայրենիքի պաշտպանությունը։ Աշխատել՝ նախևառաջ ազնիվ լինելու ինքներս մեր առջև ու փորձելու հասկանալ, թե որտեղ թերացանք բանակաշինության կենսականորեն կարևոր և պատասխանատու գործընթացում։ Հասկանալու, խոստովանելու և ուղղելու այդ սխալները՝ այլևս միայն ու միայն ճիշտ ուղղությամբ առաջ շարժվելու համար։

Աշխատել՝ արժանապատիվ կերպով լուծելու բոլոր այն սոցիալական խնդիրները, որոնք պատերազմից հետո ծանրացել են մեր զոհված ու վիրավոր ընկերների, մեր հերոսների ընտանիքների ուսերին։ Աշխատել՝ ստեղծելու մեր զինվորների ու սպաների ծառայության համար անհամեմատ լավ պայմաններ։ Աշխատել՝ ստեղծելու հզոր ռազմարդյունաբերություն, ապագային միտված նորարարական գիտական մտքի մի դարբնոց, որտեղից դուրս կգան մեր վաղվա բանակի սպառազինության առանցքը կազմող գերժամանակակից ու գերարդյունավետ զինատեսակներ։ Աշխատել՝ առավել ամրապնդելու ռազմաքաղաքական կապերը մեր դաշնակից ու բարեկամ երկրների հետ։ Աշխատել՝ առավել կարևորելու ժամանակակից ու մրցունակ կրթության դերը հայոց վաղվա բանակի փայլուն սպաներ պատրաստելու գործընթացում, սպաներ, որոնք կազմելու են զինված ուժերի հրամանատարական կորիզը։

Սիրելի՛ ծառայակից ընկերներ. Մեզ բոլորիս իսկապես շատ ծանր աշխատանք է սպասվում։

Բայց դա աշխատանք է, որի շնորհիվ մենք կունենանք շատ ավելի գրավիչ սոցիալական ու կենցաղային պայմաններ ծառայության համար, շատ ավելի ժամանակակից ու էֆեկտիվ սպառազինություն, շատ ավելի մարտունակ ստորաբաժանումներ, և, որպես վերջնարդյունք, շատ ավելի հզոր բանակ, բանակ, որի մասին երազում է մեզանից յուրաքանչյուրը։ Առավել քան վստահ եմ, որ մենք կարող ենք անցնել այդ դժվարին, բայց կենսականորեն կարևոր ճանապարհը։ Իսկ դա անելու համար մեզ անհրաժեշտ են հավատ, ուժ և միասնականություն։ Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը՝ շարքայինից մինչև գեներալ, կգործադրի հնարավոր առավելագույն ջանք՝ մեզ բոլորիս, ողջ հայությանը միավորող կարևորագույն գաղափարի՝ Հայրենիքի անվտանգության ու պաշտպանության սրբազան առաքելությունը լիարժեք իրականացնելու համար։ Եվ ուրեմն՝ ի գործ։

Ի գործ՝ հանուն մեր հերոսացած ընկերների անմահ հիշատակի։ Ի գործ՝ հանուն մեր պետության ու ժողովրդի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ