09 11 2020

Թշնամին կրկին գրոհել է Շուշիի ուղղությամբ, գրոհող խմբավորումները կրել են մեծ կորուստներ. ՊԲ



Վերջին երեք-չորս օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։ Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են մեր ինքնության, Արցախի խորհրդանիշներից մեկը՝ բերդաքաղաք Շուշին, եւ վճռականորեն տրամադրված են՝ պատվով կատարել իրենց խնդիրը։ Այս մասին ասուլիսին նշեց ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։

«Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող խմբավորումները հայտնաբերվել եւ ենթարկվել են կրակային ներգործության ու կրել մեծ կորուստներ։

Հակառակորդը մարտական գործողություններ ձեռնարկել է նաեւ ռազմաճակատի մյուս հատվածներում։ Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։

Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, չորս ավտոտեխնիկա, ութ ԱԹՍ։ Հարավարեւմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանկ եւ հրետանային միջոցներ։ 

Ներկայում Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են։ Կա մի նրբություն․ մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները։ Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարին կամ արդեն ավարտվել են։ 

Մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաեւ գաղտնիության որոշակի նկատառումներ, այդ իսկ պատճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին։ Ամեն դեպքում, մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, խնդրում ենք հետեւել միայն պաշտոնական տեղեկություններին եւ աղբյուրներին։

Մարտական գործողությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ադրբեջանական կողմը կարողացել է ներթափանցել որոշ ուղղություններում Արցախի բուն տարածք։ Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել մարտավարական նկատառումներով, այսինքն՝ երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, իսկ ավելի նպաստավոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսավարում եւ զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու եւ խոցելու համար։

Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու, վստահ եղեք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, կարողանալու է զսպել նրա զավթողական նկրտումները եւ կարողանալու է անվերապահորեն կատարել իր խնդիրը։

Զորքերի տրամադրությունը մարտական է, վատատեսական տրամադրություններ չկան, տղաներն ամուր են ոգով եւ պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել հայրենիքը։

Կրկին թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակավայրերը, ոտեղ չկա որեւէ ռազմական օբյեկտ․ սա միանշանակ ռազմական հանցագործություն է։

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո․ վստահեցնում եմ, որ հաղթանակը մերն է լինելու»։

«Երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր եւ դա կատարելու համար պատրաստ է հաշվի չնստել որեւէ կորստի ու գնի հետ, վստահեցնում եմ՝ ցանկացած պարագայում հնարավոր է՝ մի դիվերսիոն-հետախուզական խմբի հաջողվի ներթափանցել որեւէ բնակավայր եւ մեկ-երկու րոպեով դրոշակ բարձրացնել՝ գլխովին ոչնչացվելու գնով։ Եթե դրոշ բարձրացնելու գինն այդ ստորաբաժանումների գլխովին ոչնչացնում է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին»,- ասաց  Սուրեն Սարումյանը՝ ի պատասխան Շուշիում դրոշ բարձրացնելու տեսանյութի իսկության մասին հարցին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ