08 11 2020

Լիահույս եմ` Ձեր վարչակազմը քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման ուղղությամբ. Փաշինյանը՝ Բայդենին

Լիահույս եմ` Ձեր վարչակազմը քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման ուղղությամբ. Փաշինյանը՝ Բայդենին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենին:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն Բայդեն,

Ընդունեք, խնդրեմ, մեր սրտանց շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ երկարամյա քաղաքական ու օրենսդիր գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունը և գիտելիքները կուղեկցեն Ձեզ` բարօրության և առաջընթացի ճանապարհով Միացյալ Նահանգներն ու նրա ժողովրդին առաջնորդելու Ձեր գործունեության մեջ:

Ձեր գործունեության ընթացքում դուք մեծ ներդրում եք կատարել հայ-ամերիկյան բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և իր իրավունքների պաշտպանության հարցում Ձեր կողմից ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը: Հավատացած եմ, որ Ձեր նախագահության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, որոնք խարսխված են ընդանուր ժողովրդավարական արժեքների վրա, կշարունակեն վերելք ապրել՝ մեր պետությունների միջև առկա ռազմավարական երկխոսության մակարդակին համահունչ:

Անշուշտ այդ գործընթացում իր անգնահատելի ներդրումն ունի նաև ամերիկահայությունը, որը կապող կամուրջ է հանդիսանում մեր երկրների միջև։ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ինչպես տեղյակ եք, ավելի քան մեկ ամիս է ինչ Ադրբեջանն ու Թուրքիան, արհամարհելով համանախագահողների՝ հրադադար հաստատելու բոլոր ջանքերը, շարունակում են համատեղ ագրեսիան Հայաստանի և Արցախի հանդեպ` ներգրավելով օտարերկրյա ահաբեկիչների: Այդ կապակցությամբ ողջունում եմ խնդրի հանգուցալուծումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Ձեր տեսլականը, որն արտահայտել եք որպես նախագահի թեկնածու:

Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով: Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնոմ ընտրվելու առթիվ և ցանկանալ քաջառողջություն, հաջողություն և արգասաբեր գործունեություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ