Ֆրանսիայի Կորսիկա երկրամասի ասամբլեան ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կորսիկայի ասամբլեայի պաշտոնական կայքից:
Բանաձևում նշվում է, որ հաշվի առնելով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը, դիտարկելով Արցախը որպես հայերի քաղաքակրթության օրրան, հաշվի առնելով այն փաստը, որ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի հարձակումները միջազգային և հումանիտար իրավունքի, մասնավորապես ՝ Ժնևի կոնվենցիայի լուրջ խախտումները և մի շարք այլ հանգամանքները, Կորսիկայի ասամբլեան գտնում է, որ Արցախի Հանրապետության ճանաչումը կարող է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Կորսիկայի ասամբլեան դատապարտում է Թուրքիայի կողմից Ադրբեջանի ագրեսիան Արցախի բնակչության դեմ, աջակցում է հայ ժողովրդին խաղաղության և ազատության համար պայքարում, կոչ է անում ՄԱԿ-ի բոլոր պետություններին եւ Եվրոպական Միությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը, կոչ է անում ՄԱԿ-ի բոլոր պետություններին և Եվրոպական Միությանը այս հակամարտության կարգավորմանը և խաղաղության որոնումներին ակտիվորեն մասնակցել»,- նշված է բանաձևում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը