Երեկ` ողջ գիշեր, մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն լռել, չնայած ակտիվությունը որոշակի նվազել է: Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի մերձակա անտառներում, համայնքներում, ճանապարհներին, ձորակներում և այլուր, փորձում են ամեն կերպ լուծել որոշակի խնդիրներ: Այս մասին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։
Առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ: Օրվա ընթացքում նաև Ադրբեջանի ԶՈՒ-ն հյուսիսում, կենտրոնական ուղղությունում, Կարմիր շուկայի հատվածում, հարավային ուղղությամբ, տարբեր տեղերում փոքր գրոհող խմբերով, նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ:
«Ինչ վերաբերում է Շուշի քաղաքի մերձակա համայնքների, անտառների դիվերսիոն խմբերին, ապա վերջիններս, հիմնականում հանդիպելով մեր ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, հանգուցային կետերի պահակակետերին, պահպանության ստորաբաժանումներին, երկարատև մարտի չեն բռնվում: Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, շպրտել տվյալ բնագծերից»,- ասաց Հովհաննիսյանը։
«Այս պահին էլ մարտերը շարունակվում են: Կարծում եմ, որ այսօր գիշեր էլ դրանք կլինեն, ինչպես նախորդ գիշեր: Նախորդ գիշեր ես Արցախում էի, որոշակի ակտիվություն պահպանում էր նաև հրետանին: Դիվերսիոն խմբերի չեզոքացման ստորաբաժանումներն իրենց գործը շարունակում էին: Դեռ երեկ համապատասխան կադրեր հրապարակվեցին, կարող են հրապարակվել նաև հաջորդ օրերին»։
.Վարձկանները, դիվերսիոն տարբեր խմբերը` լինեն Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների մշտական կազմից թե այլ տեղերից, իրենց փոքր խմբերով չեն հաջողելու, որովհետև Շուշիի և հարակից բնակավայրերի բնակիչները, զենքը ձեռքներին, պաշտպանում են իրենց բնակավայրերը: Այո՛, որոշ տեղերում մարտերը շարունակվում են և շարունակվելու են, բայց իրավիճակն օրհասական չէ: Կան տեխնիկական, լոգիստիկ դժվարություններ, բայց «գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է։
Քիչ առաջ մարտական խմբերից մեկից ստացա տեղեկություն, որ մոտավորապես 30 հոգանոց մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել, չեզոքացվել է։ Կորուստներ է կրել, ոմանք հասցրել են փախչել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը