Հայկական կողմի կորուստները զգալիորեն պակաս են երկու հազարից։ Այս մասին «5-րդ ալիք»-ի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հայտարարվել է պաշտոնապես 927 զոհ։ Հաստատ մեր հայտնած այդ տվյալի կրկնապատիկը չէ մեր զոհերի քանակը։ Մեր կորուստները զգալիորեն պակաս են 2000-ից (ինչի մասին խոսել էր ՌԴ նախագահը՝ խմբ.)», - ասել է նա՝ հավելելով, որ վերջնական թիվ այժմ ասել չեն կարող, որովհետև կան անհայտ կորածներ և չիդենտիֆիկացված զոհեր։
Սու-30 կործանիչները իրենց նշանակության և մարտական հնարավորությունների սահմանափակ ծավալով կիրառվում են։
«Չբացեմ փակագծերը՝ որտեղ, ինչի համար, ինչպես։ Սու 30-ններն ունեն բազում ֆունկցիաներ։ Կործանիչ ավիացիան ունի բազում ֆունկցիաներ. և հարվածային, և պաշտպանողական, և պատսպարման, և հետախուզական, և ռադիոլեկտրոնային։ Դա բարդ զինատեսակ է, որն ունի ադապտացման և յուրացման տևական փուլ», - նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ յուրացման փուլը պրոցեսի մեջ է հայ մասնագետների կողմից։
«Մենք չենք ավարտել Սու-30-ի լիարժեք մարտական կիրառության հնարավորությունների ամբողջ բացազատումը։ Դա տևական գործընթաց է։ Սու-30-ը՝ աշխարհի բարդագույն կործանիչներից մեկն է՝ 4++ սերնդի, որն ունի ահռելի մարտական պոտենցիալ, բայց դրա փորձի պետք է ունենաս», - նշել է նա։
Հանրային պահանջով և քարոզչական քննարկումներով պատերազմ չեն վարում, ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով 80-ականների զենքի մասին հարցին։
«Ամբողջ աշխարյում, նույնիսկ Միացյալ Նահանգների ամենաարդիական սպառազինության մեծամասնությունը՝ 80-ականների զինատեսակներն են։ Ռուսական ամբողջ զինանոցի մեծամասնությունը՝ 80-ականների զինատեսակներ են։ Մեր հրետանային լավագույն միջոցները՝ Սմերչերը, որոնցով մենք շատ հպարտանում ենք՝ 80-ականների զինատեսակներ են», - նշել է նա։
Հովհաննիսյանի խոսքով, իհարկե, պետք է ձգտել ունենալ 2000-ականների զինատեսակներ։
«Բայց դա, նախ, շատ թանկ է։ Երկրորդ՝ շատ հաջողված պլատֆորմներ զինատեսակների իմաստ չունի փոխել նորի։ Ինքն արդարացնում է իրեն։ Հիմա, օրինակ, Դ-30-ը մեր հրետանու ողնաշարն է՝ 60-ականների զինատեսակ է, բայց իրեն արդարացնում է», - նշել է Հովհաննիսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը