12 10 2020

Հադրութ քաղաքը գտնվում է մեր ԶՈւ վերահսկողության տակ. Արծրուն Հովհաննիսյան

Հադրութ քաղաքը գտնվում է մեր ԶՈւ վերահսկողության տակ. Արծրուն Հովհաննիսյան

Օրվա ընթացքում տարբեր ձևերով մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ` զրահատեխնիկայի, հրետանու և այլ միջոցների կիրառությամբ: Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հետ է շպրտվել հակառակորդը: Հադրութ քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ, ասուլիսին նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ գիշերային ժամերին մարտական գործողությունների որոշակի թուլացում է տեղի ունենում, և որ թշնամին փորձելով պատսպարվել մեր զինված ուժերի հարվածներից, գիշերային ժամերին փորձում է զորքերի վերախմբավորում, համալրումներ իրականացնել, որ վաղ առավոտյան վերսկսի հարձակողական գործողությունները:

«Թալիշ գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը։ Քանի որ հյուսիսային՝ Թալիշ, Մատաղիս ուղղությամբ մենք կատարել ենք զորքերի համապատասխան խմբավորումներ, հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակել»,-նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց՝ մի քանի անգամ խնդրել  ու հորդորել է, որ կոնկրետ գյուղերի, դիրքերի, մատույցների վերաբերյալ հրապարակումներից չկատարել այնպիսի եզրակացություններ, արդյո՞ք  այս դիրքը, բլուրը վերահսկո՞ւմ ենք, թե՞ ոչ։


Անդրադառնալով հարցին, թե շրջանառվող խոսակցությունների համաձայն հայկական կողմն ունի 2-3 հազար զոհ, ճի՞շտ են դրանք, Ա. Հովհաննիսյանը խնդրեց ապատեղեկատվություն չտարածել։

«Պետք չէ չհիմնավորված խոսակցությունները բերել հարթակներ, հայկական կողմի կորուստները իդենտիֆիկացնելուց հետո բոլորը հրապարակվում են»,-ասաց նա։

 Հրադադարի պայմանավորվածությունից հետո հակառակորդը շարունակում է գրեթե նույն զինատեսակներն օգտագործել, ինչ՝ նախկինում: Միգուցե մի փոքր քիչ ինտենսիվությամբ հրետանի է կիրառվում, մինչդեռ ԱԹՍ-ների կիրառությունը նախկինից չի տարբերվում։

Հարցին՝ ի՞նչ վիճակ է Քարվաճառի ուղղությամբ, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց՝ այնտեղ ևս մարտական գործողություններ են ընթանում, ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել:

Ինչ վերաբերում է տարբեր քաղաքներում չպայթած արկերին՝ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ համապատասխան մարմինները հավաքում են դրանք, ազգաբնակչության անվտանգության նպատակով տեղադրվում են զգուշացնող ցուցանակներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ