04 10 2020

Մենք թույլ չե՛նք տա նոր ցեղասպանություն․ Արմեն Սարգսյանի ուղերձը

Մենք թույլ չե՛նք տա նոր ցեղասպանություն․ Արմեն Սարգսյանի ուղերձը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սփյուռքին ուղերձ է հղել։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, թանկագի՛ն քույրեր եւ եղբայրներ,

Մեծ հիացմունք, խորը հուզմունք եւ անսահման հպարտություն եմ ապրում՝ տեսնելով, լսելով ու զգալով համերաշխության, միասնության այն հուժկու ալիքը, որ բարձրացել է Սփյուռքում՝ ի արձագանք Արցախում եւ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից համատեղ սանձազերծված պատերազմի։

Ուզում եմ, որ իմանաք՝ Հայրենիքը լսում է եւ զգում յուրաքանչյուրիդ ձայնը, յուրաքանչյուրիդ խոսքը, ձեր սրտերի անհանգիստ բաբախյունը, ուր էլ դուք լինեք, ինչքան էլ հեռու գտնվեք

Այսպիսի հզոր ու ամուր Սփյուռքն իսկական բանակ է, որը սատար է Հայրենիքին ու քաջարի Հայոց բանակին այս դժվարին, ճակատագրական պահին։

Հայրենիքը երախտապարտ է այն օգնության համար, որ ցուցաբերում եք Ձեր նյութական աջակցությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին ձեր ակտիվ մասնակցությամբ:

Ձեզնից յուրաքանչյուրն այսօր Հայաստանի եւ Արցախի դեսպանն է դրսում: Դուք բոլոր հնարավոր միջոցներով՝ հավաքներով, կոչերով, դիմումներով եւ ելույթներով ամեն ինչ անում եք ճշմարտությունը, Արցախի ձայնը հասցնելու միջազգային հանրությանը, այդ թվում՝ ձեր երկրների կառավարություններին՝ ներկայացնելու Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի սանձազերծված հարձակման անմարդկային էությունը:

Վստահ եմ՝ գիտակցում եք, որ ներկա իրավիճակում պետք է շարունակենք բազմապատկել մեր ջանքերը:

Շարունակե՛ք նույն ոգով եւ նույն նվիրվածությամբ, որովհետեւ այս անգամ մեր դեմ՝ Արցախի ազատատենչ ժողովրդի դեմ ելել է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ ցեղասպան Թուրքիան՝ իր զենքով, զինվորականով ու վարձկան ահաբեկիչներով, իր հայատյաց խոսքով ու գործով: Սա այն նույն Թուրքիան է, որը 105 տարի առաջ հայերի էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն իրականացրեց Օսմանյան կայսրությունում:

Այս անգամ դա չի անցնելու, մենք թույլ չե՛նք տա նոր ցեղասպանություն: Մեր համաշխարհային ազգը հզոր է իր միասնությամբ ու հավաքական ուժով։ Որեւէ կասկած չկա, որ մենք հաղթելու ենք:

Մենք անհաղթ ենք մեր ամենահաղթ միասնությամբ։

Հաղթանակը մերն է լինելու։ Աստված պահապան բոլորիս»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ