27 08 2020

Նախագահի նստավայրում մրցանակներ են հանձնվել



ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, «IBBY Հայաստանը», «Արեւիկ» հրատարակչության եւ «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ դեռեւս անցած տարի սեպտեմբերին հայտարարել էին մանկագիրների եւ նկարազարդողների մրցույթ, որի նպատակն էր խթանել մանկագրության եւ մանկապատանեկան գրքի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում:

Մրցույթի արդյունքներն ամփոփվել էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում՝ Հանրապետության նախագահի տիկոջ՝ մանկագիր Նունե Սարգսյանի ներկայությամբ: Բացի սահմանված մրցանակներից, որպես խրախուսանք տիկին Նունե Սարգսյանն իր կողմից «Մանկապատանեկան արձակ» եւ «Մանկապատանեկան գրքի նկարազարդում» անվանակարգերում սահմանել էր երկու «Հատուկ մրցանակ»:

Օգոստոսի 26-ին նախագահական նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը: «Սա շատ կարեւոր նախաձեռնություն է։ Մանկական գրականությունը ինչ-որ իմաստով բոլոր գրականությունների մայրն է։ Այն սովորեցնում է կարդալ, գիրքը սիրել վաղ տարիքից։ Եթե այդ տարիքում չսովորեն ու չսիրեն գիրքը, հետո դժվար է լինելու, մանավանդ 21-րդ դարում, երբ հազար ու մի առիթ կա գիրք չկարդալու համար,- նշել է նախագահ Սարգսյանը։ - Մրցանակաբաշխությունը, լինելով առաջինը, կարծում եմ, հաջող է անցել։ Շնորհավորում եմ եւ՛ կազմակերպիչներին, եւ՛ մասնակիցներին: Վստահ եմ, որ անհրաժեշտ է ամեն կերպ քաջալերել այս նախաձեռնությունը»։

Հանրապետության նախագահի տիկոջ` Նունե Սարգսյանի հատուկ մրցանակներին են արժանացել մանկապատանեկան գրքի նկարազարդում անվանակարգում՝ Լիլիթ Ալթունյանը, մանկապատանեկան արձակ անվանակարգում՝ Աննա Ասլանյանը։

Շնորհավորելով հաղթողներին՝ տիկին Նունե Սարգսյանը մասնավորապես նշել է. «Նկատեցի, որ երկուսդ էլ աշխատում եք երեխայի երեւակայության վրա։ Եթե երեխան նստի հեռուստացույցի առջեւ եւ ֆիլմ դիտի, նրա երեւակայությունը չի աշխատի։ Սակայն Լիլիթի նկարազարդումները մյուս երեխաների համար խթան կլինեն նույն կերպ աշխատելու համար։ Վերջերս այնքան շատ երեխաներ են ինձ ասել, որ ուզում են գրող դառնալ, կամ ցանկանում են գիրք գրել։ Օրինակները շատ կարեւոր են։ Աննան ստեղծում է հեքիաթներ խաղի միջոցով: Նրա պատմության մեջ խաղեր կան, որոնք նույնպես ազդում են երեխայի երեւակայության վրա։ Կրկին շնորհավորում եմ եւ մաղթում նորանոր հաղթանակներ ու պարգեւներ»։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը կարեւորել է նման մրցույթների կազմակերպումը, քանի որ ոլորտին մոտ լինելով՝ քաջատեղյակ է ժամանակակից հայ մանկապատանեկան գրականության վիճակին, որը խրախուսման կարիք ունի, մանավանդ այն դեպքում, երբ ընթերցանության պահանջը բավականին մեծ է։ «Շատ կարեւորում եմ պետության աջակցությունը, որովհետեւ այս ոլորտին իսկապես ուժեղ հիմք է պետք։ Այս իմաստով տիկին Նունե Սարգսյանի՝ որպես սիրված, փորձառու մանկագրի, աջակցությունն ու ներկայությունը շատ ոգեւորիչ են եւ անպայման խթան կհանդիսանան այս նախաձեռնության հետագա զարգացման համար»,- նշել է Ռուզան Տոնոյանը։

Լիլիթ Ալթունյանը եւ Աննա Ասլանյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակների (համակարգիչներ) ու գնահատականքի համար, նշել են, որ դրանք ոգեւորող եւ, միաժամանակ, շատ պարտավորեցնող են՝ ավելի հետաքրքիր եւ ակտիվ շարունակելու ստեղծագործական գործունեությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ