Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին կառավարությունում հանդիպում է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ վարչապետը նշել է.
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ հանդիպման համար: Դեռ մեկ տարի չկա, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է Հայաստանում, և հասկանալիորեն այն հայեցակարգային նշանակություն ունի մեր երկրի համար, որովհետև տեղյակ եք, որ Հայաստանի կառավարության ծրագրում ամրագրված է կոռուպցիայից զերծ հանրության տեսլականը, և սա սկզբունքային կարևոր նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար:
Իհարկե, այսօր Հայաստանի օրակարգում կարևորագույն հարցերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, բայց ռազմավարական առումով մեզ համար կարևոր է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար ունենալ, այլ ունենալ կոռուպցիայի կանխարգելման հստակ գործող մեխանիզմներ՝ նկատի ունենալով, որ կամ կոռուպցիան Հայաստանում լինի անհնար՝ համապատասխան մեխանիզմների բերումով, կամ ուղղակի այն այնքան նվազագույն մակարդակ ունենա, որպեսզի որպես հանրային խնդիր ընդհանրապես չլինի օրակարգում՝ բնականաբար, հետագա պայքարի մեխանիզմների առկայությամբ, երբ կոռուպցիայի ցանկացած դեպք առանց բացահայտման չի մնա:
Այսօրվա մեր հանդիպման նպատակն է հասկանալ, թե ինչպես են տեղի ունենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքները, կառավարությունն ինչ անելիքներ ունի, որովհետև կառավարությունը բազմաթիվ գործառույթներ ունի հանձնաժողովի բնականոն աշխատանքն ապահովելու առումով: Եվ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծել այն խնդիրները, որոնք, իմիջիայլոց, ֆիքսված են Հակակոռուպցիոն մեր ռազմավարության մեջ: Ըստ էության, այդ փաստաթուղթը մեր համատեղ անելիքի փաստաթուղթ է: Մենք այսօր նաև կլսենք, թե ուր ենք հասել այդ ռազմավարության իրագործման առումով, որը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»:
Վարչապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչների հետ մտքեր է փոխանակել հակակոռուպցիոն պայքարի օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել հայտարարագրման համակարգի ինստիտուցիոնալ հենքի ձևավորմանը, հանձնաժողով-իրավապահ համակարգ համագործակցությանը, էլեկտրոնային համակարգերի ներդրմանը, օրենսդրական բարեփոխումներին և այլ թեմաների: Քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, հակակոռուպցիոն կրթության ու իրազեկման հարցեր:
«Կոռուպցիայի դեմ պայքարը հաջողելու և կոռուպցիան կանխարգելելու կառավարության քաղաքական կամքը որևէ կասկած չի հարուցում: Այս առումով ամենաբարձր նշաձողը պետք է դնենք և շարունակենք աշխատանքը», - ընդգծել է վարչապետը և կարևորել Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների հետևողական իրականացումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը