21 08 2020

Արտակ Դավթյանն այցելել է «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

Արտակ Դավթյանն այցելել է «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի այցը Երևանում գործող «Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման՝ «Նեյտրոն ԳԱՄ»  ՓԲԸ֊ի արտադրամաս:

«ՀՀ վարչապետի այցից ընդամենը մեկ ամիս ժամանակ է անցել, և արդեն առաջին խմբաքանակը՝ 1000 հատ ինքնաձիգ, արտադրամասը պատրաստ է տրամադրել մեր զինված ուժերին։

Այստեղից ինքնաձիգները կուղարկվեն զինված ուժերի պահեստ, որտեղից՝ արդեն որոշում է կայացվել, տվյալ ինքնաձիգները տրվելու են զորամասերին` մարտական հերթապահության կամ մարտական խնդիրների իրականացման համար։

Սա արդեն արդյունքն է, որը մենք տեսնում ենք։ Ռազմարդյունաբերության կոմիտեի, նաև զինված ուժերի համապատասխան մասնագետների կողմից հավաքման ամբողջ գործընթացը վերահսկվել է և այսօր սա վերջնական մասն էր առաջին խմբաքանակի, որը պատրաստ է առաքվելու մեր զինված ուժերին»,- նշել է ՀՀ ԲՏԱ նախարարության Ռազամարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը:

Այցի ընթացքում ՌԱԿ-ի նախագահին են ներկայացվել ինքնաձիգների հավաքման բոլոր փուլերը, հատուկ ուշադրություն է դարձվել որակի վերահսկողության բազմափուլ գործընթացին։ 

Հայաստանում հավաքվող «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգները անցնում են որակի ուժեղացված վերահսկողություն՝ որևէ թերություն բացառելու նպատակով։ Հավաքման յուրաքանչյուր փուլից հետո մանրակրկիտ ստուգվում են բոլոր դետալները, որից հետո միայն ինքնաձիգը տեղափոխվում է գործընթացի հաջորդ փուլ։ 

Ծանոթանալով մանրամասներին` ռազմարդյունաբերության կոմիտեի փորձագիտական խմբի անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել արտադրական գործընթացի և հատկապես որակի վերահսկման մեխանիզմների վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ