ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել են ոչ մարտական պայմաններում բանակում մահվան դեպքերի և կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրները, վարժական հավաքների գործընթացում անձանց իրավունքների վիճակը, ինչպես նաև մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների համատեքստում:
«Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի աջակցությամբ կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Եվրոպայի խորհրդի, Ազգային ժողովի, Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Փաստաբանների պալատի, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Եվրոպայի խորհրդի Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականցման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների և ընդհանրապես Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերն իր առաջնահերթություններից են։
«Ինձ հասցեագրված անհատական բողոքները, թեժ գծին ստացվող ահազանգերը, զորամասեր և զինվորական մյուս հաստատություններ մեր այցերը, ինչպես նաև զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների հետ անընդհատ շփումները հնարավորություն են տալիս վեր հանել համակարգային ու ընթացիկ խնդիրները և դրանք դարձնել քննարկումների առարկա` նպատակ ունենալով գտնել խնդիրների լուծման կառուցակարգեր»:
Նիստի ընթացքում ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը ներկայացրել է խաղաղ պայմաններում մահվան դեպքերը և բանակում կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրները. «Զինված ուժերի մարտունակությունն ուղիղ կապված է զինվորական կարգապահության հետ։ Բանակում վերջին 3 տարիներին ունենք ինքնավնասումների ու մահացության դեպքերի աճ, ինչը խիստ մտահոգիչ է:
Պաշտպանի աշխատակազմում այս պահին ակտիվ վարույթներում են գտնվում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով մի շարք դիմում-բողոքներ և քննարկման ընթացակարգեր: Այս բոլոր խնդիրները մենք դասակարգում ենք ինչպես թեժ գծի ահազանգերի, գրավոր և բանավոր բողոքների, ԶԼՄ հրապարակումների, այնպես էլ՝ զորամասեր մշտադիտարկման այցերի և զինվորականների հետ առանձնազրույցների հիման վրա»:
Խորհրդի նիստում քննարկվել են նաև վարժական հավաքների գործընթացում անձանց իրավունքների պաշտպանության վիճակը, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի իրականացրած տարբեր մշտադիտարկման այցերի ընթացքում վերհանված խնդիրները և դրանց լուծման ուղիները։
Մասնակիցները հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնել են ոլորտին վերաբերող համակարգային հարցերը: Տեղի է ունեցել խորհրդի նիստի աշխատանքների ամփոփում և հետագա անելիքների վերաբերյալ մտքերի փոխանակություն։
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի, իրավասու պետական մարմինների և քաղաքացիական հասարակության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը, որի արդյունքում հերթական անգամ արդյունավետ հարթակ ստեղծվեց առկա խնդիրները համատեղ քննարկելու համար»,-ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը