Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում բնակվող Էլբակյանների ընտանիքին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նրանց որդին՝ հայկական զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյանն, օրեր առաջ զոհվել էր հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան՝ Տավուշի հատվածում՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով։
Նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել կապիտան Էլբակյանի ծնողներին, նշել, որ նրանց որդին իր երիտասարդ կյանքն է զոհաբերել՝ անձնվիրաբար պաշտպանելով հայրենիքի սահմանը և բոլորիս խաղաղությունն ու անվտանգությունը։
Հանրապետության նախագահը նաև երախտագիտություն է հայտնել կապիտան Սոս Էլբակյանի ծնողներին՝ այդպիսի քաջ ու հայրենասեր զավակ դաստիարակելու համար: «Խոնարհվում եմ նրա անմար հիշատակի առաջ։ Նրա սխրանքն անմահ է»,-ասել է նախագահ Սարգսյանը, նշելով, որ մենք բոլորս հպարտանում ենք մեր բանակով ու նրա խիզախ զինծառայողներով:
Մարմաշենի վանքում նախագահ Արմեն Սարգսյանը մոմ է վառել կապիտան Սոս Էլբակյանի և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը