Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրվող լարվածությանը: Մասնավորապես, վարչապետը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակը Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի քննարկումն է: Մինչ այդ, սակայն, հստակ պետք է արձանագրել, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը լարվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետեւանքով:
Նախորդ կիրակի օրը՝ հուլիսի 12-ի երեկոյան, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել Հայաստանի զինված ուժերի «Անվախ» սահմանային դիրքը գրավելու նպատակով: Իրավիճակի ամբողջական ընկալման համար հարկ է արձանագրել, որ այս դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմանից այս կողմ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում եւ Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան ագրեսիա հնարավոր չէ որակել:
Ընդ որում, Ադրբեջանի զինված ուժերը հրետանային կրակի միջոցներով, հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորել են Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը՝ էական վնաս հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ բնակելի տներին:
Միեւնույն ժամանակ, մենք ունենք ապացույցներ եւ փաստացի տվյալներ, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանային միջոցներ, զրահատեխնիկա են տեղակայել Չինարիի դիմաց գտնվող Աղդամ գյուղի բնակելի տների արանքներում, բակերում եւ հենց այդտեղից են թիրախավորել մեր գյուղերը՝ մեր Զինված ուժերի պատասխան գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ հարձակում ներկայացնելու համար:
Շատ կարեւոր է արձանագրել տեղի ունեցող իրադարձությունների իմաստը եւ կոնտեքստը, որովհետեւ Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ գործողությունները պետք է ունենան բացատրություն եւ հետեւաբար կարեւոր է պատասխանել հետեւյալ հարցին. ի՞նչ է ուզում անել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ ինչո՞ւ:
Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բազմամյա ռազմական հռետորաբանությունը սրվել է եւ նա ավելի ագրեսիվ կերպով սպառնում է Ղարաբաղի հարցը լուծել ուժային մեթոդներով, բացահայտ կերպով ի ցույց դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացը վիժեցնելու իր մտադրությունը: Այս ֆոնին զարգացնում էր Ադրբեջանի բանակի հզորության ու անպարտելիության մասին թեզը՝ փորձ անելով արդարացնել վերջին մեկուկես տասնամյակում բանակի զարգացման պատրվակով ծախսված միլիարդավոր դոլարներն Ադրբեջանի ժողովրդի բարեկեցությանը չծառայեցնելու գործելակերպը:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակաբար հայտարարում էր, թե սպասում է Իլհամ Ալիեւի հրամանին՝ Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար: Շարունակական այս հռետորաբանությունն ինչ-որ արտահայտություն պետք է ստանար: Բնականաբար, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հայտարարությունների ֆոնին Արցախի պաշտպանության բանակի զգոնությունը եւ ուշադրությունը պիտի կրկնապատկված լիներ եւ հետեւաբար Ադրբեջանը որոշեց հարվածել այն ուղղությամբ, որտեղ մենք ամենաքիչը պիտի սպասեինք:
Նպատակը մեկն էր՝ անսպասելի հարվածով նյութականացնել ադրբեջանական բանակի անպարտելիության մասին առասպելը, ռազմական հաջողությամբ ջախջախել հայկական կողմի բարոյահոգեբանական դիրքերը եւ այդ վիճակում հարձակում գործել Արցախի Հանրապետության ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, սակայն, ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլեւ ջախջախելով մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին:
Ընդ որում, Ադրբեջանն իր այս գործողություններով էական վնաս հացրեց նաեւ իր հետ ռազմատեխնիկական լայն համագործակցություն ունեցող երկրներին, որովհետեւ այս վերջին շաբաթվա ընթացքում մեր Զինված ուժերի կողմից խոցվեցին զինատեսակներ, որոնք ամբողջ աշխարհում համարվում են անխոցելի: Այս պատմության մեջ, սակայն, ամենամեծ զարմանքն առաջացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քամահրական վերաբերմունքը սեփական զինվորների կյանքի նկատմամբ, որոնց ուղարկում են կանխատեսելի մահվան նույնիսկ այն պարագայում, երբ նրանց ասռաջ դրված խնդիրն ակնհայտորեն անիրագործելի է:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած սադրանքն ունի նաեւ շատ ավելի լայն աշխարհաքաղաքական կոնտեքստ: Ադրբեջանական քարոզչությունը, փորձելով քողարկել սեփական ձախողումը, սկսել է զարգացնել մի թեզ, թե Հայաստանի զինված ուժերը դիրքավորվել են Ադրբեջանից սկիզբ առնող միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները խոցելու եւ շարքից հանելու նպատակով: Սա արվում է՝ Հայաստանին որպես գլոբալ սպառնալիք ներկայացնելու համար:
Բայց այս մտքի անհեթեթության կարեւորագույն ապացույցն է այն, որ զուտ տեսականորեն նման գործողություն ձեռնարկելու հնարավորություն Հայաստանն ունեցել է նաեւ վերջին շաբաթվա իրադարձություններից առաջ էլ: Բայց նման նպատակ չի ունեցել երբեք եւ չունի, որովհետեւ մեր քաղաքական օրակարգում չի եղել եւ չկա տարածաշրջանում ու աշխարհում տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական, անվտանգային անկայունություն եւ սպառնալիքներ ստեղծելը ու չի լինելու:
Ինչ վերաբերվում է հետագա անելիքներին՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը: Մենք բոլորս պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից եւ պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի:
Եվ հաջորդը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը պետք է շարունակվի եւ Ադրբեջանն ի վերջո պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը