12 06 2020

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին և վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին և վարչապետին

Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պետական ​​տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Այս տոնն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքական, սոցիալ-տնտեսական նվաճումների, միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդման հետ:

Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների, ամրապնդվում և ընդլայնվում է համագործակցությունը հայ-ռուսական փոխգործակցության գրեթե բոլոր ոլորտներում:

Բարեկամության և վստահության դարավոր պատմությունը, մեր ժողովուրդների ամուր եղբայրական կապերը կառուցողական համագործակցության և փոխադարձ աջակցության ամուր հիմք են ոչ միայն երկկողմանի մակարդակում, այլև՝ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում:

Անկեղծորեն հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր երկրները կկարողանան հաղթահարել աննախադեպ գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների հետ կապված ժամանակավոր դժվարությունները, և մենք կկարողանանք վերականգնել ավանդական սերտ շփումները:

Այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին` խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:

Վարչապետ Փաշինյանի՝ ՌԴ կառավարության ղեկավարին ուղղված ուղերձում նշված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Այս տոնական օրն արտացոլում է Ռուսաստանի պետականության հազարամյա պատմությունը, երկրի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը, հետևողական ստեղծագործական աշխատանքը՝ ուղղված երկրի զարգացմանը և բարգավաճմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդմանը:

Մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն արտացոլված են միջազգային հարթակներում և, հատկապես, Եվրասիական տնտեսական միության շրջանակում կառուցողական և փոխշահավետ ռազմավարական գործընկերության մեջ:

Գոհունակությամբ կարելի է արձանագրել մեր երկրների միջև հետևողականորեն ամրապնդվող փոխգործակցությունը՝ առևտրի, տնտեսական, էներգետիկ, ռազմաքաղաքական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում:

Հուսով եմ, որ մոտ ժամանակներս աշխարհում համաճարակաբանական իրավիճակը կկարգավորվի, ինչը թույլ կտա մեզ լիարժեք վերսկսել սերտ կապերը` նոր գաղափարների և նախաձեռնությունների իրականացման նպատակով:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, քաջառողջություն, բարգավաճում և հետագա հաջողություններ Ձեր պետական ​​գործունեության մեջ, իսկ եղբայրական Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ