26 05 2020

Սերբիան պատրաստ է աջակցել Հայաստանին․ Վուչիչ

Սերբիան պատրաստ է աջակցել Հայաստանին․ Վուչիչ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ:

Նախագահներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին, տեղեկություններ փոխանակել համավարակի կանխարգելման և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների մասին, խոսել իրավիճակից դուրս գալու լուծումների մասին:

Սերբիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանին՝ նշելով, որ իրենք շահագրգռված են, որ բարեկամ Հայաստանի ժողովուրդը կարողանա արագ հաղթահարել համավարակն ու դրա հետևանքները: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սերբ գործընկերոջը՝ նշելով, որ առողջապահության նախարարության հետ ճշգրտումներից հետո համապատասխան տեղեկություն կփոխանցվի սերբական կողմին:

Նախագահներ Արմեն Սարգսյանն ու Ալեքսանդար Վուչիչն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերին և անցած տարի նախագահ Սարգսյանի՝ Սերբիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, այդ թվում՝ Հայաստանում Սերբիայի դեսպանատան բացմանը, որը նախատեսված էր այս տարի գարնանը և հետաձգվել էր համավարակի պատճառով:

Նախագահները վերահաստատել են, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված բոլոր պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն: Նրանք ևս մեկ անգամ ընդգծել են համագործակցության մեծ ներուժը մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, գյուղատնտեսության ոլորտներում, վստահություն են հայտնել, որ մուտքի արտոնագրերի երկուստեք վերացումը կնպաստի գործարար կապերի ակտիվացմանն ու զբոսաշրջության զարգացմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ