25 05 2020

Այն զանգը, որ ավանդաբար պետք է հնչեր դպրոցում, թող հնչի, առաջին հերթին, ձեր սրտում, ձեր հոգում. ՀՀ նախագահ

Այն զանգը, որ ավանդաբար պետք է հնչեր դպրոցում, թող հնչի, առաջին հերթին, ձեր սրտում, ձեր հոգում. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ էն հղել Վերջին զանգի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի շրջանավարտներ,

Այս տարի դպրոցական վերջին զանգը որպես միջոցառում անսովոր է՝ առանց առանձնահատուկ հանդիսությունների: Սակայն հանդիսություններն իրականում ընդամենը երեւույթի արտաքին մասն են: Դուք ավարտում եք դպրոցն, ավարտվում է ձեր կյանքի մի հետաքրքիր, հուզումնալից ու զգացմունքային շրջան: Այլեւս դպրոցական չեք: Գիտեմ՝ սա տխրությամբ եք արձանագրում: Սակայն, միեւնույն ժամանակ, ուրախ եք, որ մեծացել ու հասունացել եք, որ կարող եք ավելի ինքնուրույն շարժվել առաջ, որ ընդառաջ եք գնում նոր մարտահրավերների, որ ավելի խորն ու անմիջականորեն եք տեսնելու եւ զգալու՝ կյանքը միշտ գեղեցիկ է, որքան էլ այն բարդ է ու անկանխատեսելի:

Սիրելինե՛րս,

Այս ուսումնական տարվա ավարտը յուրահատուկ է, ինչպես յուրահատուկ է մեր երկրի ու ողջ աշխարհի անցուդարձը վերջին մի քանի ամիսներին: Բայց այն իր մեջ մարդկային շատ բան ունի եւ առաջ մղող մեծ, թվում է՝ անտեսանելի ուժ:

Դուք ավելի շատ ժամանակ ունեցաք տեսնելու ինքներդ ձեզ, ավելի մոտիկ լինելու ձեր ընտանիքներին, ավելի լավ հասկանալու ձեր զգացմունքն ու ավելի երկար մտորելու երեկվա, այսօրվա ու վաղվա մասին: Ձեր ծնողներն ու հարազատները նույնպես ավելի շատ հնարավորություն ունեցան հասկանալու ձեզ, նայելու ձեր դեմքին ու ձեր հոգու մեջ:

Դուք հեռու էիք ձեր ընկերներից ու նրանց հետ ամենօրյա սովորական շփումներից: Բայց դրա շնորհիվ դուք նաեւ հնարավորություն ունեցաք ավելի լավ ճանաչելու նրանց եւ ավելի շատ գնահատել ընկերությունն ու դասարանի՝ որպես ընտանիքի, եւ դպրոցի՝ որպես տան արժեքը: Դպրոցը հանդիպման վայր է, միտք ու զգացմունք կիսելու, առաջին անգամ սիրահարվելու եւ սեր խոստովանելու, հասունության վայր: Բայց, իհարկե, այն նախ եւ առաջ, կրթություն, գիտելիք ստանալու ակունքն է:

Իմ պատանի՛ հայրենակիցներ,

Ժամանակը, աշխարհը խելահեղորեն շտապում են: Գիտելիքը ձեզ օգնելու է կողմնորոշվել ու տեղորոշվել, օգնելու է նայել ինչպես անմիջապես ձեր ոտքերի առաջ, այնպես էլ առաջին հայացքից չերեւացող հեռուն: Ամուր բռնեք գիտելիքի ձեռքից, միաժամանակ զարգացնելով ձեր ընդունակություններն ու հմտություններն, ինչու չէ, նաեւ տաղանդը:

Գիտելիքը ձեզ առաջնորդելու է ողջ կյանքում՝ կենսափորձի, տեղեկացվածության, բանալու տեսքով՝ այսօր եւ վաղը, հիմա եւ հետո: Հետո-ն արդեն իսկ եկել է, այն սկսվել է երեկվանից եւ մեզ թափով հրում է առաջ։ Մեզ ստիպում է մտածել ավելի արագ, գործել ավելի արագ, գործել ավելի արդյունավետ։ Վստահ եմ, որ դուք լավագույնս եք կարողանալու օգտվել մտածելու, ստեղծելու, ստեղծագործելու, եւ իհարկե, ապրելու այսօրվա հնարավորությունից: Այս ամիսների ընթացքում դուք ավելի հմտորեն տիրապետեցիք տեղեկատվական տեխնոլոգիաներին եւ կրթության նոր մեթոդներին, ավելի լավ տեղեկացաք եւ ավելի հստակ պատկերացրեցիք, թե դեպի ուր եւ ինչպես է շարժվում աշխարհը:

Սիրելի՛ շրջանավարտներ,

Այն զանգը, որ ավանդաբար պետք է հնչեր դպրոցում ու ձեզ ճանապարհեր դեպի նոր կյանք, թող հնչի առաջին հերթին ձեր սրտում, ձեր հոգում՝ որպես ձեր երազանքների իրականացման կոչնակ:

Եղեք առողջ ու երջանիկ, եղեք լավատես ու վստահ, եղեք ուրախ եւ լայնախոհ:

Ապագան ձերն է, հատկապես որ այն ստեղծում եք հենց դուք:

Բարի ճանապարհ դեպի նոր կյանք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ