22 05 2020

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներն անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներն անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին

Մայիսի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին քաղաքական ոլորտում համագործակցության օրակարգի գերակա ուղղությունների շուրջ և  գոհունակություն հայտնել երկու գերատեսչությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի կատարման ընթացքի վերաբերյալ։ Կողմերն ընդգծել են արտաքին քաղաքական մարտահրավերները հաղթահարելու նպատակով ներդաշնակ և համակարգված ջանքերի շարունակականության կարևորությունը։

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել միջազգային համագործակցության հեռանկարների շուրջ՝ պայքարելու նոր տիպի կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ, որը  սահմաններ չի ճանաչում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ