19 05 2020

Հայ-սինգապուրյան առևտրատնտեսական հարաբերությունների մասին օրենք է ստորագրվել

Հայ-սինգապուրյան առևտրատնտեսական հարաբերությունների մասին օրենք է ստորագրվել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 19-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որը կխթանի հայ-սինգապուրյան առևտրատնտեսական հարաբերությունները՝ վերացնելով խոչընդոտները ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում, բարձրացնելով տնտեսական արդյունավետությունը, բացահայտելով երկուստեք նոր շուկաներ և ստեղծելով բարենպաստ պայմաններ ավելի լայն տնտեսական համագործակցության համար: Հայաստանը հնարավորություն կստանա ոչ միայն զարգացնել տնտեսական կապերը Սինգապուրի հետ, այլև տարանցիկ ուղի դառնալ Սինգապուրի համար տարածաշրջանային և եվրոպական շուկաներ առավել դյուրին կերպով ներթափանցելու տեսանկյունից: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նաև «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը, որով կատարողների համար հնարավորություն է ստեղծվում պահպանել իրենց իրավունքները տեսալսողական կատարումների նկատմամբ, ընդունել կատարողների` իրենց տեսալսողական կատարումների նկատմամբ իրավունքների և հանրային շահերի միջև հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը մասնավորապես կրթության, հետազոտությունների և տեղեկատվության հասանելիության բնագավառներում: Պայմանագրի կնքումը պայմանավորված է հատկապես նոր թվային տեխնոլոգիաների զարգացմամբ և կատարողներին ավելի լայն իրավական պաշտպանության տրամադրման անհրաժեշտությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ