25 03 2020

ՀՀ-ին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր

ՀՀ-ին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին:

Զրուցակիցները փաստել են, որ Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված է արդյունավետ փոխգործակցություն:

Աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ ստեղծված իրավիճակում զրուցակիցներն առաջնահերթություններից են համարել պարենի անվտանգության խնդիրները: Նախագահ Սարգսյանն այդ համատեքստում շատ էական է համարել Հայաստանը սննդի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գործնական քայլերի իրականացումը՝ ընդգծելով, որ նախնական պայմանավորվածություններ ունի մի շարք երկրների ղեկավարների և մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ:

Նշելով, որ Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնի է որպես արտակարգ իրավիճակներին առաջիններից արձագանքող միջազգային կառույց` նախագահ Սարգսյանն առաջարկել է բացի սննդին վերաբերող հարցերից, դիտարկել նաև Հայաստանին բժշկական սարքավորումներով ապահովելու հնարավորությունը: Ելենա Միլոշևիչն ի պատասխան նախագահի առաջարկի՝ ասել է, որ դիմել են միջազգային դոնորներին և առաջիկայում Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ