11  02  2020

Մենք շատ բաներ կարող ենք անել միասին․ ՀՀ նախագահը՝ Հորդանանի թագավորին

Մենք շատ բաներ կարող ենք անել միասին․ ՀՀ նախագահը՝ Հորդանանի թագավորին

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի հանդիպումը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ Հորդանանի թագավորի այցը պատմական է և հույս է հայտնել, որ շատ այլ առիթներ կլինեն Նորին Մեծությանը հյուրընկալելու Հայաստանում: «Մեր երկու ժողովուրդներն էլ հին են: Ձեր ազգը ներկայացնում է իսլամի էությունն ու առանցքը, Դուք, Ձերդ Գերազանցություն, ինչպես նաև Ձեր ընտանիքը ներկայացնում եք Մուհամմադ մարգարեի սերունդը: Հայաստանը՝ որպես աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր, ոչ միայն լավ հարաբերությունների մեջ է Հորդանանի հետ, այլև, մենք շատ բաներ կարող ենք անել միասին»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն ներուժը, որին ապագայում կարող են հասնել երկու երկրները, շատ ավելի մեծ է լինելու, քան կա այժմ:

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ասել է, որ երկու երկրներին միավորում են լավ բարեկամությունը, պատմությունը: «Մեծ հարգանք ենք տածում ամենահին քրիստոնյա եկեղեցու նկատմամբ, որը ներկայացված է ոչ միայն Երուսաղեմում, այլ նաև մեր երկրում: Այն ներկայացնում է մեր անցյալի մեծ մասը, և ոչ միայն մեր ներկայի, այլև ապագայի գեղեցիկ մասն է»,-ընդգծել է նա:

Աբդալլահ Երկրորդը ջերմությամբ է հիշել նախագահ Արմեն Սարգսյանի այցը Հորդանան:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանը բարձրացրել է Հայաստանի քաղաքացիների համար Հորդանան մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման, ինչպես նաև երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի ստորագրման հարցը:

Զրուցակիցները նշել են, որ արդյունավետ համագործակցության մեծ հնարավորություններ կան բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության և առողջապահության ոլորտներում: Կարևորվել է արդեն իսկ գործող ուսանողների փոխանակման ծրագրի ընդլայնումը, ինչպես նաև ուղիղ օդային հաղորդակցության բացումը երկու երկրների մայրաքաղաքների՝ Երևանի և Ամմանի միջև:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ