10 02 2020

Հորդանանի թագավորը ժամանել է Հայաստան

Հորդանանի թագավորը ժամանել է Հայաստան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10–ին, առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին:

Թագավոր Աբդալլահ Երկրորդի գլխավորած պատվիրակության կազմում են նրա եղբայր, Նորին Արքայական Մեծություն արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը, թագավորի կրոնական ու մշակութային հարցերով խորհրդական և անձնական պատվիրակ Նորին Արքայական Մեծություն արքայազն Ղազի բին Մոհամմեդը, Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով նախարար Այման Սաֆադին, թագավորի հաղորդակցության և համակարգման հարցերով խորհրդական Բիշեր Ալ Խասավնեհը, արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համմուրին:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Աբդալլահ Երկրորդ թագավորն իսլամական աշխարհում մեծ հեղինակություն վայելող գործիչ է, Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Աբդալլահ Երկրորդը Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալն է:

Նախագահ Արմեն Սարգսյանը և Հորդանանի թագավորը հանդիպել էին 2019թ. ապրիլին Հայաստանի նախագահի՝ Հորդանան աշխատանքային այցի ժամանակ, որի ընթացքում էլ Հայաստանի նախագահը հրավիրել էր Հորդանանի թագավորին այցելել Հայաստան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ