31 12 2019

Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը՝ Հրապարակից

Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը՝ Հրապարակից

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս տարի Ամանորի շնորհավորական ուղերձը հղել է Հանրապետության հրապարակից։ Նա հրապարակ է եկել ընտանիքի հետ։

Ստորեւ ներկայացնում ենք նրա խոսքը.

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն:

Ձեզ դիմում եմ ուղիղ եթերում, Հայաստանի Հանրապետության եւ համայն հայության մայրաքաղաք Երեւանի սրտից՝ Հանրապետության Հրապարակից, որտեղ 2018 թվականի գարնանը իրար հետ իրականացրեցինք Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը:

Անցնող 2019 թվականը ետհեղափոխական առաջին ամբողջական տարին էր եւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ի իմ ամանորյա ուղերձում ձեզ խոստացել էի, որ 2019 թվականի ընթացքում մենք նվաճելու ենք նոր բարձունքներ, արձանագրելու ենք նոր հաջողություններ եւ առաջին հերթին մեր երկրի սոցիալ տնտեսական կյանքում:

Ուրախ եմ փաստել, որ տեսանելի, շոշափելի ու չափելի բազմաթիվ արդյունքներ ենք արձանագրել անցնող տարվա ընթացքում:

2019 թվականի արդյունքներով Հայաստանը ամենամեծ տնտեսական աճն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանում, ոչ միայն Եվրասիական տնտեսական միության տարածքում, ոչ միայն ԱՊՀ-ում եւ ետխորհրդային ողջ տարածքում, այլեւ ենթադրաբար՝ Եվրոպական տարածաշրջանում: Հայաստանը վստահաբար 2019 թվականի տնտեսական աճի ցուցանիշներով աշխարհի առաջատար երկրների թվին է դասվելու:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են տեսնել եւ զգալ մեր տնտեսության մեջ տեղի ունեցած փոփոխությունները.

2019 թվականի ընթացքում Հայաստանում նորոգվել են այնքան ավտոճանապարհներ, որքան 2015, 16, 17 թվականներին միասին վերցրած:

Բարձրացել են զինվորականների, փրկարարների, ուսուցիչների, անտառապահների, բազմաթիվ բուժաշխատողների աշխատավարձեր, 2020 թվականի հունվարի մեկից բարձրանում են բոլոր տեսակի կենսաթոշակները եւ նպաստները, ավելանում է նվազագույն աշխատավարձը: 

Իրականացվում են զուտ սոցիալական ծրագրեր. բյուջեի միջոցների հաշվին մանկատան 300 սաներ, ում պետությունը դեռ 2003 թվականից բնակարան հատկացնելու պարտավորություն ունի, ի վերջո ստանում են բնակարաններ:

Լուծվում է զինթոշակառուների բնակարանային խնդիրը, ինչի համար հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ:

1 միլիարդ 500 միլիոն դրամ է հատկացվել 121 փախստական ընտանիքների բնակարանով ապահովելու համար. նման ծրագիր Հայաստանում նախկինում երբեք չի իրականացվել:

Եւ ուրախ եմ արձանագրել, որ հիմա Հայաստանը գտնվում է աղքատության՝ ամենացածր մակարդակի վրա, նման հաշվառում իրականացնելու մեկնարկի օրվանից ի վեր:

Մեր երկրի միջազգային պահուստները հասել են աննախադեպ ծավալների, գերազանցելով 2.8 միլիարդ դոլարը, 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 100 միլիարդ դրամով:

Հայաստանի կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնց միջոցով հազարավոր ընտանիքների աջակցում է աշխատանքով հաղթահարել աղքատությունը եւ կառուցել բարեկեցություն:

Կարեւոր է ընդգծել նաեւ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ի հայտ է եկել շուրջ 84 հազար նոր աշխատատեղ, անշեղորեն նվազում է գործազուրկների թիվը: Դեռ ավելին, այսօր Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան:

Սիրելի հայրենակիցներ.

Մեր ձեռքբերումների ցանկը դեռ երկար կարելի է շարունակել: Այս թվարկումը, սակայն, անում եմ ոչ միայն 2019 թվականը ամփոփելու, այլեւ 2020 թվականի մեր նշաձողերը սահմանելու համար:

Նոր տարին դիմավորում ենք բարձր տրամադրությամբ, ամրապնդված ինքնավստահությամբ, սեփական ուժերի եւ ապագայի նկատմամբ նորոգված հավատով:

2020 թվականը պիտի դառնա այս համազգային տրամադրության, ինքնավստահության ու հավատի անհատականացման տարի: Նոր տարում սեփական ուժերի եւ ապագայի նկատմամբ հավատով ու եռանդով պիտի համակվեն նույնիսկ թերահավատները եւ մենք յուրաքանչյուր քաղաքացու պետք է ուժ տանք, վստահություն, քաջալերանք, որ ինքը կարող է, ինքը ունակ է, ինքը ի վիճակի է ունենալ հաջողություններ՝ կրթության, կարիերայի մեջ, ձեռներեցության, արդար, ստեղծագործ, գրագետ աշխատանքով արդյունք ստեղծելու, հարստանալու եւ սեփական երկիրը հարստացնելու գործում:

Մենք ծավալուն փոփոխություններ ենք իրականացրել հարկային օրենսգրքում, որ 2020 թվականը դառնա մեր քաղաքացիների տնտեսական ակտիվության բացառիկ տարի: Հեղափոխությունից հետո հարյուր միլիոնավոր հավելյալ դոլարներ են մտնում Հայաստանի Հանրապետություն, եւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտածի, թե ստեղծարար ձեռնարկատիրության ի՞նչ նախագծով կարող է իր մասնաբաժինը ստանալ այս ազգային հարստությունից եւ ազգային հարստության ի՞նչ մասնաբաժին ինքը կարող է ստեղծել:

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանում հաստատված են անհնարինը իրականություն դարձնելու ժամանակներ: 2018 թվականին շատ քչերն էին հավատում, որ հնարավոր է երկրում իրականացնել Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, 2019-ին շատ քչերն էին հավատում, որ արձանագրելու ենք համաշխարհային ուշադրության արժանի տնտեսական ցուցանիշներ:

2020 թվականը դառնալու է թերահավատների հուսավառվելու եւ հավատավորների թռիչքի տարի, Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, սոցիալական ու հոգեբանական թռիչքի տարի: Սա է այս հեղափոխական՝ սիրո եւ համերաշխության բազմամարդ ու խինդառատ Հանրապետության Հրապարակի այս պահի խորհուրդը:

Սիրելի հայրենակիցներ,

2019 թվականին մենք ըստ էության փակել ենք այսպես կոչված «80-ականների զենքերի» ամոթալի էջը: Ընդամենը օրեր առաջ Հայաստանը ձեռքբերեց ՍՈւ 30 ՍՄ գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ռազմական օդանավեր եւ վերջապես ունեցանք կործանիչ ավիացիա, ձեռք բերեցինք ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության գերժամանակակից համակարգեր:

2019 թվականին վերջին տարիների համար աննախադեպ քանակի զենք եւ զինամթերք ենք ձեռքբերել, որոնք կամ հենց 2019 թվականի արտադրության են, կամ բոլորովին չօգտագործված: Սա աննախադեպ իրավիճակ է մեր բանակի պատմության մեջ:

Հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ գերժամանակակից այս զենքերը մեզ անհրաժեշտ են խաղաղության եւ ոչ պատերազմի համար: Իսկ մեր խաղաղությունն ապահովում են այսօր, հիմա, հենց այս պահին առաջնագծում, սահմանին կանգնած եւ իրենց զորամասերում մեզ հետեւող զինվորները, սպաները, գեներալները:

Ամանորի այս հանդիսավոր հարթակից հատուկ ողջույններ եմ հղում նրանց եւ շնորհակալություն եմ հայտնում մեր խաղաղության դիրքերում ամուր կանգնած լինելու համար: 

Ասեմ նաեւ, որ բանակում սկսվել եւ մեծ թափով առաջ է շարժվում զինվորներին բարձրորակ սննդով ապահովելու նոր համակարգի ներդրումը, որը լայն դրական արձագանք է գտել զինվորների, նրանց ծնողների եւ հանրության շրջանում: 2020 թվականի արդյունքներով մտադիր ենք սննդի ապահովման այսպիսի համակարգով ապահովել Հայոց բանակի բոլոր զորամասերը ինչի արդյունքում մեր զինվորների ամենօրյա սեղանները կլինեն իրենց մատուցած ծառայությանը արժանի.....

Հատուկ ողջույններ եմ հղում Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության, արդարադատության նախարարության այն ծառայողներին, ովքեր ամանորյա այս րոպեները անցկացնում են ծառայության մեջ, ապահովելով երկրի ու ժողովրդի անվտանգությունը եւ շնորհակալություն եմ հայտնում նրանց՝ ծառայության համար: 

Ջերմորեն ողջունում եմ առողջապահության, էներգետիկայի, տրանսպորտի, հանրային սննդի ոլորտի այն աշխատողներին եւ ընդհանրապես բոլոր այն մարդկանց, ովքեր Ամանորը դիմավորում են ոչ թե ընտանիքի անդամների հետ, այլ աշխատանքի մեջ: 

Եւ ի վերջո, ողջունում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր հայրենակիցներին, Հայաստանում, Արցախում, սփյուռքում... ու հատկապես այն մարդկանց, ովքեր այս պահին այստեղ են՝ համայն հայության եւ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի սրտում՝ Հանրապետության Հրապարակում:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Եւ ծառայում եմ բոլորիդ. ձեր բոլոր ցավերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են:

Ժպտացեք իրար սիրելի հայրենակիցներ, որովհետեւ Նոր տարին ահա, եկավ:

Եւ ուրեմն՝

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ