28 12 2019

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է ստանում Ամանորի առիթով

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է ստանում Ամանորի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի պարոն վարչապետ,

Նոր տարվա և Աստվածահայտնության տոների շեմին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքից քրիստոնեական ջերմ սիրով ու հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Ձեզ և մեր սիրելի ժողովրդին։

Աղոթում ենք առ Բարձրյալ Աստված, որ իր երկնային հովանու ներքո անվթար պահի մեր հայրենիքը, ինչպես նաև Ձեզ պարգևի առավել կորով, որպեսզի կարողանաք թավշյա հեղափոխությամբ բացված նոր էջը Հայաստանի ժամանակակից պատմության մեջ հարստացնել նորանոր իրագործումներով»։

Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Համոզված եմ, որ գալիք տարին նոր հնարավորություններ կբերի երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման և Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության խորացման համար:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, առողջություն, բարգավաճում և հաջողություն Ձեր պատասխանատու գործում, Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։

Գալիք Ամանորի տոների առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են նաև Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը, Լեհաստանի Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին, Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միթսոտակիսը, Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն, Կորեայի Հանրապետության վարչապետ Լի Նակ-Յոնը, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ- գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և այլ պաշտոնյաներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ