05 07 2019

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի վարչապետի հետ



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից։

«Գործնական եւ արդյունավետ հանդիպում ունեցա Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ»,- նշել է ՀՀ վարչապետը:

Վիետնամի վարչապետն անձամբ իր և երկրի կառավարության անունից ջերմորեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը` նշելով. «Վստահ եմ` մեր հանդիպումը կնպաստի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը, ընդլայնմանն ու ամրապնդմանը: Պարոն վարչապետ, խորհրդանշական է, որ Ձեր այցը տեղի է ունենում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի` Հայաստան կատարած այցի 60-ամյակին: Ուրախ ենք, որ Հայաստանը հաղթահարում է դժվարություններն ու քայլեր ձեռնարկում տնտեսական զարգացման ուղղությամբ, ամրապնդվում է նաև Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում»:

Նգույեն Սուան Ֆուքը համոզմունք է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցի շրջանակում նոր թափ կհաղորդվի երկկողմ փոխշահավետ գործակցությանը տարբեր ուղղություններով: Վիետնամի վարչապետը նշել է, որ դեռևս խորհրդային տարիներին բազմաթիվ վիետնամցիներ կրթություն են ստացել Հայաստանում և իրենց գիտելիքներով նպաստել երկրի առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր այցի նպատակն է նպաստելու հայ-վիետնամական քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի առաջընթացին: «Մենք կքննարկենք հարցերի լայն շրջանակ և վստահ եմ, որ մեր կողմից ընդունվելիք որոշումները կնպաստեն մեր պետությունների զարգացմանը: Մեր երկրների միջև առկա հեռավորությունն ամենևին էլ չի կարող խոչընդոտ լինել համագործակցության զարգացման հարցում»,- ասել է վարչապետը: Գործադիրի ղեկավարի խոսքով` երկու երկրներն ունեն հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժ և կառավարությունները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն այն լիարժեք իրացնելու նպատակով:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում` ինժեներական լաբորատորիաների փոխգործակցության, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը` զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում, որը տեղի կունենա Երևանում ընթացիկ տարվա աշնանը, անցկացնել նաև գործարար համաժողով: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանն ու երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը: Անդրադարձ է կատարվել հայկական կոնյակի և գինու` Վիետնամի շուկա ներմուծելու հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքը պայմանավորվել են նաև քննարկումներ սկսել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման ուղղությամբ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տնտեսական փոխգործակցության զարգացմանը նոր ազդակ կհաղորդի նաև Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը:

Երկու երկրների վարչապետներն ընդգծել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և կարևորել վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ քայլերի իրականացումը: Առանձնակի նշվել է Հայաստանի և Վիետնամի տարածաշրջանների, առևտրային պալատների համագործակցության, երկկողմ իրավապայմանագրային բազայի զարգացման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում հետագա համագործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով գտնվում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: 

Վիետնամի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընթրիք: Վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թի Քիմ Նգանի  հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ