Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար և շատ կարևոր եմ համարում այն: Վեհափառ Հայրապետի հետ քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով զբաղվելու համար, որպեսզի ունենանք մշտական գործող աշխատանքային ձևաչափ, որպեսզի գոյացող հարցերը քննարկվեն և լուծումներ ստանան: Ընդ որում, այդ լուծումները ցանկալի է, որ լինեն ոչ թե հատվածական և այսրոպեական, այլ ընդհանրապես ինստիտուցիոնալ և երկարաժամկետ: Այս առումով, կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ այս քննարկումների համատեքստում համադրենք եկեղեցի-պետություն հարաբերությունների մեր պատկերացումները այն նոր իրավիճակի համատեքստում, որ այսօր գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, կարիք չկա ասելու, թե մեզ համար ինչպիսի մեծ կարևորություն և դերակատարում ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Ես ուզում եմ ասել, որ այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը մեր ազգային ինքնության պահպանման խնդիրներն են, և սա եղել է մեր քաղաքական ուժի հիմնադիր ծրագրում դեռևս 2013 թվականից: Իհարկե, սա կարևորագույն առաջնահերթություն է մեզ համար, և այս առումով Հայ Առաքելական Եկեղեցու դերն առանձնահատուկ է և միշտ եղել է առանձնահատուկ: Բայց նաև կա խնդիր՝ հասկանալու, թե ինչքանով են մեր պատկերացումները նույնական ինքնության պահպանման առումով, և ինչ հարցեր կան այս համատեքստում, որ պետք է քննարկենք:
Մասնավորապես, ինչ վերաբերում է, օրինակ, կրթությանը. այս ոլորտում մեր օրակարգի հարցը, որ Մայր Աթոռն առաջարկել էր, Հայ Առաքելական Եկեղեցու պատմության հետ կապված հարցն է: Այստեղ առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է. արդյոք մենք տարբերակո՞ւմ ենք Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից, և եթե տարբերակում ենք, ինչո՞ւ ենք տարբերակում, և եթե տարբերակում ենք, ինչպե՞ս ենք տարբերակում, և այդպես շարունակ:
Հաջորդ խնդիրների խումբը վերաբերում է հարկային հարաբերություններին: Օրինակ, խնդիր կա անշարժ գույքի, գույքահարկի հետ կապված, և մենք պետք է հասկանանք, թե այստեղ ինչ մոտեցում ունենք: Արդյոք Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող գույքն այս առումով միասե՞ռ է, միատա՞րր է, թե՞ այնտեղ կան տարբեր սեգմենտներ, և արդյոք այդ սեգմենտների վերաբերյալ պետք է տարբերակվա՞ծ, թե՞ ընդհանուր մոտեցում ցուցաբերենք: Վեհափառ Հայրապետի հետ խոսակցությունների ժամանակ էլ ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ այդ թեմային անդրադառնալու: Մանավանդ, երբ այսօր ընդլայնված քարոզարշավ ենք տանում՝ քաղաքացիներին կոչ անելով հարկեր վճարել, որովհետև այդ վճարված հարկերի արդյունքում է ձևավորվում և ձևակերպվում այն աշխատանքի ծավալը, որ կառավարությունը հնարավորություն ունի անելու: Մենք այստեղ պետք է հստակ ասենք, որ ունենք նաև Հայ Առաքելական Եկեղեցու աջակցության կարիքը, որպեսզի պետական այս ընկալումն ավելի ու ավելի խորն արմատավորվի մեր իրականության մեջ»:
Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը անդրադարձել է եկեղեցի-պետություն հարաբերություններին, կարևորել համագործակցությունը՝ թելադրված ազգային մեր շահերով ու գերակայություններով, ազգային ինքնությունը, ոգին, նկարագիրը պահպանելու հրամայականով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը