Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Զրուցակիցների խնդրանքով Դավիթ Տոնոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է սեպտեմբերին Դուշանբեում օպերատիվ կապի գործարկման վերաբերյալ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` հույս հայտնելով, որ համանախագահող երկրները ջանքեր կգործադրեն կողմերի միջև նախիջևանյան ուղղությամբ գործող կապի օրինակով օպերացիոն մյուս ուղղություններով ևս նմանատիպ կապի հաստատման ու գործարկման ուղղությամբ:
Շեշտելով, որ Հայաստանի զինված ուժերը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում բոլոր շարժերը, Դավիթ Տոնոյանը նշել է, որ ստեղծված պայմաններում անկյունաքարային նշանակություն ունի կողմերի միջև զինադադարի անվերապահ պահպանումը, միջադեպերի կանխարգելման և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
Հոկտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում նոր իշխանության ձևավորումից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ տեղի ունեցած հանդիպումների ու համանախագահների տարածաշրջան կատարած այցերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը գոհունակություն հայտնեց մինչ այժմ այս առումով ձևավորված դրական դինամիկայի կապակցությամբ:
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու եռանախագահներն անդրադարձան սեպտեմբերի վերջին Դուշանբեում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին: Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ դրանց կիրառական դրսևորումն ուղղված է խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու խթանմանը:
Նախարար Մնացականյանը նշեց, որ արդիական է մնում ռազմատենչ և ոչ կառուցողական հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցները քննարկեցին եռանախագահների ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերը: Այս առնչությամբ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ, հաշվի առնելով, որ Երևանից հետո համանախագահները այցելելու են Ստեփանակերտ, այնուհետև Բաքու, դրանից հետո հնարավորություն կլինի առավել համապարփակ կերպով գնահատելու հետագա քայլերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը