Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի, Կանադայի Քվեբեկ նահանգի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի և Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ: Վարչապետը ողջունել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում նշված պաշտոնյաների այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին:
Շվեյցարիայի նախագահը, Էստոնիայի նախագահը, Քվեբեկի ընտրված վարչապետը և Վիետնամի փոխվարչապետը շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ֆրանկոֆոն երկրների համար այս կարևոր գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու առիթով և ընդգծել, որ տպավորված են միջոցառումների կազմակերպվածությամբ և քննարկումների ընթացքով:
Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի հետ քննարկել է երկկողմ փոխգործակցությանն ուղղված տարբեր հարցեր: Մասնավորապես, զրուցակիցները կարևորել են երկկողմ տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը, այդ թվում` համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը:Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Շվեյցարիայի հետ տնտեսական համագործակցությունը այժմ կենտրոնացած է հանքարդյունաբերական ճյուղի վրա և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխգործակցության դիվերսիֆիկացմամբ և տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ:
Վարչապետը կարևորել է նաև համայնքային հանրաքվեների կազմակերպման ուղղությամբ շվեյցարական կողմի հետ փորձի փոխանակումը:
Վարչապետը և Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հեռանկարները: Հայաստանի վարչապետը, մասնավորապես, հետաքրքրական է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործակցության զարգացումը և փորձի փոխանակումը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՀՀ կառավարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում կառավարման ոլորտում թվային տեխնոլոգիաների և էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման ուղղությամբ, և այս առումով Էստոնիայի կուտակած փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել:
Կերստի Կալյուլայդը նշել է, որ Էստոնիան կարևորում է Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում` նաև ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնումը և պատրաստ է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ:Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև ժողովրդավարության զարգացման հարցերի շուրջ:
Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին, նշել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այն ներքին քաղաքական կողմնորոշում է, և կատարվող արմատական բարեփոխումները նպատակաուղղված են ժողովրդավարության նոր մակարդակի հասնելուն և այդ առումով օրինակելի երկիր դառնալուն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քվեբեկի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ տնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը, անդրադառնալով մեր երկրում գործարարությամբ զբաղվելու պայմաններին, նշել է, որ Հայաստանում բիզնես միջավայրը գնալով բարեփոխվում է` դառնալով ավելի բարենպաստ ներդրումների համար, քան առաջ, և հայկական կողմը հետաքրքրված է օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ: Իր հերթին Քվեբեկի ընտրված վարչապետը հետաքրքրություն է հայտնել զարգացնելու փոխադարձ տնտեսական համագործակցությունը:
Վարչապետ Փաշինյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, գինեգործության, կոնյակագործության ոլորտներում փոխգործակցության զարգացումը:Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են հումանիտար կապերի ամրապնդումը: Այս առումով Ֆրանսուա Լեգոն բարձր է գնահատել Մոնրեալի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը և կարևոր ներդրումը Քվեբեկի հասարակական-քաղաքական կյանքում:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում Քվեբեկի հաստատակամ և սկզբունքային դիրքորոշման և այդ նպատակով մի շարք բանաձևերի ընդունման համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ քննարկել է հայ-վիետնամական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն անհրաժեշտ են համարել տնտեսության ոլորտում փոխգործակցությանը նոր թափ հաղորդելը և համոզմունք հայտնել, որ առկա է մեծ ներուժ:
Զրուցակիցները նշել են, որ առևտրատնտեսական ծավալների ավելացմանը մեծապես կնպաստի գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև հետևողական քայլերի իրականացումը: Երկուստեք հեռանկարային է համարվել համագործակցությունը նաև առողջապահության ոլորտում, այդ թվում` համատեղ կրթական փոխանակության ծրագրերի իրականացումը: Հայաստանի վարչապետը և Վիետնամի փոխվարչապետն ընդգծել են դիվանագիտական կապերի զարգացման և բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը