ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ պետությունների գծով մասնագետ Լին Թրեյսիին առաջադրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն։
Ինչպես հաղորդվում է, Թրեյսին այժմ Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական է պետքարտուղարությունում։ Մինչ այդ եղել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում ԱՄՆ դեսպանի տեղակալը, Կենտրոնական Ասիայի գծով պետքարտուղարի առաջին փոխօգնականը, նաև աշխատել է Պակիստանում ԱՄՆ հյուպատոսությունում և այդ աշխատանքի համար արժանացել է պետքարտուղարի պարգևին։ Թրեյսին ռուսերեն գիտի։ Նրա թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից։
Նշենք, որ այժմ Հայաստանում ԱՄՆ դեսպանը Ռիչարդ Միլզն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը