ՉԺՀ քաղաքացիական ավիացիայի վարչակազմի հրավերով սեպտեմբերի 15–ին Չինաստանի Գուանճոու քաղաք ժամանեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռևազյանը՝ «Աշխարհի ուղիներ 2018» (World Routes) միջոցառմանը մասնակցելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրների ավիաընկրությունների եւ օդանավակայանների ներկայացուցիչներ և ղեկավարներ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 16-ին Տաթևիկ Ռեւազյանը մասնակցեց «Աշխարհի ուղիներ 2018» բացման արարողությանը, ապա կարճ հանդիպում ունեցավ ՉԺՀ քաղաքացիական ավիացիայի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վան Ճիցինգի հետ, որից հետո ստորագրվեց «Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը։
Հանդիպմանը կողմերը կարծիք հայտնեցին, որ այս համաձայնագիրն իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջեւ օդային ուղիղ հաղորդակցության համար, ինչն ավելի կամրապնդի և կզարգացնի երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում։
ՉԺՀ այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ չինական ավիակընկերությունների ղեկավարությունների հետ՝ Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթի բացման հնարավորությունները քննարկելու նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը