04 09 2018

ՀՀ-ն հանձնառու է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը․ Փաշինյան

ՀՀ-ն հանձնառու է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, ով սեպտեմբերի 4-ին ժամանել է Հայաստան։

Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ հետ համագործակցությունը եվրոպական և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում և պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունը: Զրուցակիցները, երկուստեք արձանագրելով առկա փոխգործակցության բարձր մակարդակը, քննարկել են այն խորացնելու հեռանկարները: 

Վարչապետն անդրադարձել է Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ներկայացնելով ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ուղղությամբ բարեփոխումները:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է ավելի ազատ, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, և կառավարությունը կարևորում է այս գործընթացում միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ տեխնիկական և փորձագիտական աջակցությունը:

Թոմաս Գրեմինգերը ողջունել է մեր երկրում տեղի ունեցող գործընթացները և պատրաստակամություն հայտնել օժանդակել կառավարության բարեփոխումների օրակարգին: ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ և միջազգային հանրության ակտիվ ջանքերը՝ մեր տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ և ընդգծել, որ Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների միջոցով կարգավորմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ