14 05 2018

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են

Սոչիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանն ունի մեծ էներգիա՝ նոր իմպուլս հաղորդելու Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում:

«Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի ժամանակ: Հույս ունենք մեր հարաբերությունները զարգացնել նաև ռազմաարդյունաբերության ոլորտում»,- ասել է նա:

ՀՀ վարչապետը նաև շնորհավորել է ՌԴ նախագահին անցած Հաղթանակի տոնի առթիվ և նշեց, որ Հայաստանում հետևել են այդ առթիվ կազմակերպված ռազմական շքերթին և հիացած եղել ռուսական ռազմաարդյունաբերության ձեռքբերումներից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանյանին, հույս հայտնելով, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կզարգանան նույն կերպ, ինչպես մինչ հիմա:

«Մենք կշարունակենք միասին աշխատել և՛ միջազգային կազմակերպություններում՝ սկսած ՄԱԿ-ից, որտեղ մենք աջակցում ենք միմյանց, վերջացրած տարածաշրջանային կազմակերպություններով»,- ասել է նա:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է տարածաշրջանում իր ամենամոտ գործընկերն ու դաշնակիցը՝ հավելելով, որ դա վերաբերում է ինչպես տնտեսական համագործակցությանն, այնպես էլ՝ անվտանգության հարցերին:

Պուտինը հույս է հայտնել, որ վերջին ժամանակներում ՌԴ-ի և Հայաստանի միջև գրանցված տնտեսական «շատ լավ արդյունքները ոչ միայն կպահպանվեն, այլև կբազմապատկվեն»:

Հանդիպումն այժմ շարունակվում է փակ դռների հետևում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ