«Վաշինգտոնում բանակցությունների հարցում որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ ուղիղ, երկար, անկեղծ խոսակցություն ծավալել»,- Երևանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսում ասաց Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի բանակցություններին Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում։
«Կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում մեկը մյուսի մտահոգությունները, մտադրությունները և պատկերացումները։ Բացի նշածս երկու հոդվածից, կարծում եմ, մյուս հոդվածների մասով ևս հավանականություն կա համաձայնության։ Սա միայն իմ գնահատականը չէ, ինձ հավաստիացրել են մյուս կողմերը ևս։
Անշուշտ, կան հոդվածներ և թեմաներ, որտեղ կողմերի դիրքորոշումները բավական հեռու են իրարից։ Սրանք այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին։ Բայց այս ուղղությամբ ևս բավական արդյունավետ քննարկում է եղել», - ասաց Ա.Միրզոյանը։
Նա նշեց, որ Հայաստանի համար սկզբունքային է որոշակիություն ունենալ սահմանազատման գործընթացում. «Մենք պատրաստ ենք, շահագրգռված ենք տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմամբ և պատկերացնում ենք, որ դա պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը