30 04 2023

Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Բլինքենը՝ ըստ երկու կողմերի հաղորդագրությունների

Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Բլինքենը՝ ըստ երկու կողմերի հաղորդագրությունների

 

Նիկոլ Փաշինյանը երեկ՝ ապրիլի 29-ին, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության, Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ։

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:

Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի:

 

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հայտարարության, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել է ԱՄՆ մշտական աջակցությունը։ Պետքարտուղար Բլինքենը հավաստիացրել է, որ ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում ամուր խաղաղության միակ ճանապարհն են։ Նա երախտագիտություն է հայտնել վարչապետին խաղաղ գործընթացին անփոփոխ հավատարմության համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ