31 10 2022

Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրեր



Երկօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հոկտեմբերի 29-ին այցելել են Սյունիքի մարզ:

 Օրենսդիրները Գորիսում հանդիպել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ:

Վերջիններս հյուրերին մանրամասն ներկայացրել են սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով մարզում ստեղծված իրավիճակը, խնդիրները: Նշվել է, որ հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակչությանը, վիրավորվել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներ: Բարձրաձայնվել են ՀՀ ինքնիշխան տարածքից գյուղացիների` խոշոր եղջերավոր մեծաքանակ անասուններ գողանալու դեպքեր: «Այս ամենին զուգընթաց ոչ մի գյուղացի չի լքել իր բնակավայրը»,- ասել է Գորիս համայնքի ղեկավարը: Հայկական կողմը կարեւորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վարած քաղաքականության հասցեական դատապարտումը:

 Հյուրերը նշել են, որ Ֆրանսիայի խորհրդարանում իրենք ներգրավված են հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում եւ այսօր էլ ցանկանում են տեղեկացնել թե' Ֆրանսիայի եւ թե' միջազգային հանրությանն ու գործընկերներին Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ ադրբեջանական ագրեսիայի մասին: Հյուրերը նշել են, որ առաջիկայում Ֆրանսիայի խորհրդարանում նախատեսում են ընդունել ադրբեջանական ագրեսիան դատապարտող եւ տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատում պահանջող բանաձեւ:

Սյունիքի փոխմարզպետի ուղեկցությամբ ֆրանսիացի օրենսդիրներն այցելել են նաեւ Ադրբեջանի ռազմական գործողություններից տուժած Վերիշեն ու Վաղատուր գյուղեր, ծանոթացել ագրեսիայի հետեւանքով առաջացած ավերածություններին:

Անդրադարձ է կատարվել տեւական ժամանակահատվածում դիտորդական առաքելության տեղակայմանը, տնտեսական փոխգործակցությանը, ինչպես նաեւ քույր-քաղաքներ Գորիսի եւ Վիենի միջեւ համագործակցությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ