Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում են ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
«Քննարկվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի Ադրբեջանի ոտնձգությունները և առկա գոյաբանական սպառնալիքները։ Հանդիպմանն ընդգծվել է անհրաժեշտությունը ազգային ողջ ներուժի համախմբման և համահայկական միասնական ջանքերի գործադրման` ի նպաստ ստեղծված դժվարին իրավիճակի հանգուցալուծման և կայուն խաղաղության վերահաստատման։
Հանրապետության նախագահը և խորհրդարանականները կարևոր են նկատել պետություն-եկեղեցի գործակցությունը, մասնավորապես, այս օրերին Հայ Առաքելական եկեղեցու առաքելությունը ազգային միասնականության ամրապնդման գործում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արցախի թեմի գործունեությանը և հոգևոր կյանքի զորացմանն ուղղված ծրագրերին և այդ համատեքստում պետության անելիքներին»,- ասվում է հաղորդագրությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը