19 03 2022

Էդուարդ Աղաջանյանը դատապարտել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների Շուշիում կայացած միջոցառմանը մասնակցությունը

Էդուարդ Աղաջանյանը դատապարտել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների Շուշիում կայացած միջոցառմանը մասնակցությունը

Մարտի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի լրատվական ծառայությունից:

Էդուարդ Աղաջանյանը շնորհավորել է հյուրին նշանակվելու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահը կարեւորել եւ բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ գործունեությունը: Կողմերը խոսել են համատեղ իրականացվող ծրագրերի մասին` մասնավորապես միտված Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (SDG) իրագործմանը: Քննարկվել են նաեւ կառույցի մարդասիրական աջակցության ծրագրերը: 

Էդուարդ Աղաջանյանը դատապարտել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների` Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված Շուշիում կայանալիք միջոցառմանը մասնակցությունը: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ Ադրբեջանի ագրեսիայի եւ հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառումը հակասում է կազմակերպության գործունեության առաքելությանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, որոնց հետեւանքով Շուշին ամբողջությամբ հայաթափվել է:

Լիլա Փիթրս Յահիան կարեւորել է երկկողմ արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Նա նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստակամ է աջակցելու երկրում ընթացող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Անդրադարձ է եղել կառույցի եւ Ազգային ժողովի միջեւ համագործակցության կարեւորությանը: Այս համատեքստում ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի արդյունավետությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասությունների շրջանակում աջակցել նմանատիպ ծրագրերի իրագործմանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ