23 01 2019

Փաշինյանը գլուխ է գովում ՀՀԿ-ի գրանցած արդյունքներով․ «168 Ժամ»

Փաշինյանը գլուխ է գովում ՀՀԿ-ի գրանցած արդյունքներով․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Հունվարի 22-25-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթանում է միջազգային տնտեսական համաժողով, որին մասնակցելու նպատակով Դավոս է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը երկար տարիներ չէր մասնակցում այս համաժողովին, և միայն անցյալ տարի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարողացավ կոտրել սառույցը: Դժվար է ասել, թե որն է Փաշինյանի այցելության հիմնական նպատակը, միգուցե Կ. Կարապետյանից ետ չմնալը, կամ, ինչպես ընդունված է նոր իշխանության կողմից ասել՝ «իներցիան»:

Այն, որ Փաշինյանի Դավոս մեկնելու հիմնական նպատակը միջազգային տնտեսական կապերը զարգացնելը և օտարերկրյա ներդրումներ բերելը չէ, պարզ երևում է նաև իրականացված նախապատրաստական աշխատանքից:

Հունվարի 18-ին Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց ՝ «Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի», իսկ հոդվածը վերնագրված է՝ Shaping the future of democracy in Armenia: Մեծ գաղտնիք բացած չենք լինի, եթե ևս մեկ անգամ հիշեցնենք, որ Դավոսում անցկացվում է տնտեսական գլոբալ համաժողով, և այստեղ դեմոկրատիայից և թավշյա հեղափոխությունից խոսելն առհասարակ տեղին չէ, ընդհակառակը՝ խիստ ձանձնալի է:

Աշխարհի հզորագույն երկրների լիդերները գալիս են Դավոս իրենց երկրի տնտեսական գրավչությունը ներկայացնելու, այնտեղ, բառիս բուն իմաստով՝ իսկական «ներդրողների որս» է իրականացվում, մինչդեռ մենք խոսում ենք ժողովրդավարությունից, կոռուպցիայի դեմ պայքարից ու թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից:

Եվ այսօրինակ ֆիասկոյի չենթարկվելու համար օրինակներն անգամ դրսում պետք չի փնտրել: Ընդամենը նախորդ տարի Կ. Կարապետյանն առաջին անգամ մասնակցելով համաժողովին՝ հանդիպումներ էր ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, խոսել ներդրումների շարունակականության մասին, կարելի էր գոնե նրանից օրինակ վերցնել, ու հայտնի «իներցիան» կրկին պահպանել:

Ի դեպ, նախկին կառավարության տարվա մասին, որին այդքան քննադատում է Փաշինյանը: Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպել է շվեյցարացի գործարարների հետ, և հանդիպման ընթացքում գործարարների մոտ հպարտացել է 2017 թվականին Հայաստանի արձանագրած բարձր տնտեսական ցուցանիշներով: Մասնավորապես, ըստ կայքի մեջբերման՝ Փաշինյանը նշել է.

«ՀՆԱ-ի աճը վերջին տարիներին խոստումնալից էր. 2017 թ. արձանագրված 7.5 տոկոս աճը պահպանվել է 2018թ. ընթացքում, իսկ կանխատեսումները գերազանցում են 5 տոկոսը: Հայաստանի արժույթի փոխարժեքը և գնաճը մնացին կայուն, դրանով իսկ ի ցույց դրվեց մեր տնտեսության կայունությունն արտաքին և ներքին ցնցումների նկատմամբ:

2017թ. ՀՆԱ-արտահանում հարաբերակցությունն անցավ 37 տոկոսի շեմը և 2018-ին շարունակվեց ռեկորդային ցուցանիշներով»: Ասվածին մնում է միայն ավելացնել, որ 2017-ի արդյունքներն ամբողջապես ապահովվել են ՀՀԿ-ի կառավարման արդյունքում, իսկ 2018 թվականի բարձր կանխատեսումները ևս 1-ին եռամսյակի արդյունքն են: Արդյունքում ստացվում է, որ օր ու գիշեր ՀՀԿ-ին քննադատող, նրանց աշխատաոճը կոռուպցիոն ու թալանչի որակող Փաշինյանն ուրիշների մոտ լավ էլ գլուխ է գովում ՀՀԿ-ի արդյունքներով:

Այս ամենից հետո, մեզ մնում է միայն նույն համաչափությամբ վարչապետ Փաշինյանին հիշեցնել, որ նախորդ տարի, երբ Կ. Կարապետյանը մասնակցեց համաժողովին, դրական արդյունքները երկար սպասեցնել չտվեցին: Մասնավորապես, հիմնական նպատակը՝ օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ավելին քան բարձր արդյունքներ գրանցեց՝ հենց 2018-ի 1-ին եռամսյակում գերազանցելով 95 միլիոն դոլարը: Սա մեկ եռամսյակի ցուցանիշ էր, որը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել ապահովել անգամ երեք եռամսյակներում:

Լավ է, որ ներկայիս կառավարությունը հասկանում է, որ արտերկրում հպարտանալու միակ բանը նախորդ իշխանության օրոք ապահովված բարձր արդյունքներն են և, իհարկե, դրա արդյունքում ձևավորված «իներցիան»: Բայց պետք է նաև հիշել, որ ուղիղ մեկ տարի անց Դավոսում կրկին լինելու է համաժողով, և այնպես պետք է անել, որպեսզի Հայաստանի ներկայիս ղեկավարությունն այնտեղ ասելու ու ցույց տալու բան ունենա, որովհետև «դմփ-դմփ հու»-ի տեսահոլովակը մի անգամից ավելի չի նայվում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ