02 09 2020

ԵՊՀ 1-ին կուրսեցիների համար վարձավճարները բարձրացել են 70000-ից մինչև 160000 դրամով. Դավիթ Ափոյան

ԵՊՀ 1-ին կուրսեցիների համար վարձավճարները բարձրացել են 70000-ից մինչև 160000 դրամով. Դավիթ Ափոյան

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ ողջ լրահոսը հեղեղված է բարձրաստիճան պաշտոնյաների շնորհավորանքներով, նրանց կողմից գիտելիքի և կրթության փառաբանմամբ: Իհարկե, շատ լավ է, որ Գիտելիքի օրվա ավանդույթը մեզ մոտ կայուն է, սակայն.

Ու՞մ են պետք ճառերն ու խոսքերը, երբ մարտ ամսից սկսած հեռավար կրթությամբ պայմանավորված ուսանողները մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, սակայն անարդարացիորեն շարունակում են նույն չափի վարձ վճարել: Օրինակ, որքանո՞վ է արդարացի, որ այն ռադիոֆիզիկը, որը պետք է սարքավորումներով աշխատանք կատարեր, հեռավար տարբերակով չի արել և չի անելու, սակայն շարունակելու է նույն վարձը վճարել: Կամ այն կենսաբանը, ով պետք է գնար դաշտային պրակտիկայի, որը նա չի արել և չի անելու, սակայն շարունակելու է նույնը վարձը վճարելը: Էլ չասեմ, որ մի զգալի հատված տեխնիկական խնդիրների պատճառով դուրս էր մղվել նույնիսկ հեռավար կրթությունից:

Ու՞մ է պետք կրթության նկատմամբ այս հրապարակային ու մեծածախ սերը, երբ մարտ ամսից երկրի տնտեսական ակտիվությունը անկում է ապրում (հուլիսին՝ 10.4% անկում), տասնյակ հազարավոր աշխատատեղեր են փակվել, սակայն ուսանողները անարդարացիորեն շարունակելու են նույն չափի վարձ վճարել: Եվ եթե մարտ ամսին ընտանիքներն ունեին որոշակի խնայողություններ, ապա այս ամիսների ընթացքում շատերն են արդեն կանգնել փաստի առաջ: Իրավիճակի լրջությունը ցույց տալու համար միայն նշեմ, որ կան ուսանողներ, ովքեր մինչ օրս իրենց նախորդ կիսամյակի վարձը չեն վճարել:

Ու՞մ են պետք «դուք եք մեր ապագան» խոսքերը, երբ այս տնտեսական անկման պայմաններում ԵՊՀ առաջին կուրսեցիների համար վարձավճարները բարձրացել են 70.000-ից մինչև 160.000 դրամով: Եվ չկա գեթ մեկը, ով կհարցնի՝ մի՞թե հնարավոր չէր դա անել այն ժամանակ, երբ տնտեսությունը ոչ թե երկնիշ անկում է ապրում, այլ գոնե գտնվեր կայուն աճի փուլում:

Ստացվում է այնպես, որ ուսանողների շուրջը ամեն ինչ կարող է փոխվել, բացի վարձավճարներից: Կրթության որակը կարող է մի քանի անգամ նվազել, սակայն վարձավճարները մնում են նույնը կամ բարձրանում: Տնտեսությունը կարող է երկնիշ անկում ապրել, սակայն վարձավճարները մնում են նույնը կամ բարձրանում:

Ժամանակը չէ՞, որ ձեր ֆեյսբուքյան և հրապարակային սերը առ կրթություն փոխակերպվի կոնկրետ գործողության և կոնկրետ քայլերի: Այլապես ստացվում է, որ ճառ ասելիս կրթությունը կարևոր է, իսկ ուսանողները՝ երկրի ապագան, բայց երբ գործը հասցնում է ֆինանսական աջակցությանը, ամեն ինչ մնում է ուսանողների և նրանց ընտանիքների ուսերին:

Շնորհավորում եմ բոլորին և հատկապես առաջին կուրսեցիներին, ովքեր վստահաբար ունենալու են ավելի լավ կրթություն և ավելի լավ բուհ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ