Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները նամակ են հրապարակել, որում նշվում է․
Ինչպես արդեն բոլորին հայտնի է, Տնտեսագիտական համալսարանի գործող ժամանակավոր ղեկավարին ԿԳՄՍ նախարարն ապօրինաբար է նշանակել, ընդ որում, այնքան մեծ համառությամբ ու գիտակցաբար դա արեց (սկզբից դպրոցների մասին իրավական հիմքով, այնուհետև գործուղում կամ արձակուրդ գնալու հիմքով), որ շատերի մոտ բնական հարց առաջացավ՝ ո՞րն է ՀՊՏՀ ժամանակավոր ղեկավարի համար հերթական անգամ հեղինակազրկվելու իմաստը:
Տեղեկացանք, որ այսօր ՀՊՏՀ գիտական խորհրդի առցանց նիստի ընթացքում, որին ներկա է եղել նաև որևէ կարգավիճակ չունեցող Դիանա Գալոյանը, խորհրդի անդամներին «հորդորել են», որ հերթական ամոթալի բաց նամակը ստորագրեն ի պաշտպանություն փոխնախարար Գրիշա Թամրազյանի մտերիմ թեկնածու Դ. Գալոյանի, որովհետև հասկացել են, որ վերջինիս «ընտրվելու» ապօրինություններն այնքան անհերքելի են եղել, որ դրա արդյունքները Կառավարությունը չի պատրաստվում հաստատել: Իսկ ո՞ր դեպքում է հնարավոր այսպիսի ծայրահեղ քայլերի դիմել և գիտական խորհրդի անդամներին գիտնականին անվայել նամակ ստորագրել տալ: Այն դեպքում, երբ նրանց անմիջական ղեկավարը Արմեն Գրիգորյանն է, ով պատրաստ է դիմելու ամենածայրահեղ քայլերի, միայն թե պահպանի Դ. Գալոյանի ռեկտոր նշանակվելու վերջին հույսերը: Իսկ եթե լիներ մեկ ուրիշ՝ օրենքով նշանակված ժամանակավոր պաշտոնակատար, բնականաբար, ենթականերն այդպիսի ճնշման տակ չէին լինելու, հատկապես երբ գիտական խորհուրդը ՀՊՏՀ կանոնադրության համաձայն որևէ կապ չունի ռեկտորի ընտրության գործընթացի հետ:
Ցավոք, այս աննախանձելի վիճակին են հասցրել մեր սիրելի համալսարանը, իսկ գործող ղեկավարության կարգախոսը դարձել է մեկը. չունես ոչ մի հակափաստա՞րկ, ենթականերիդ բաց նամա՛կ գրել տուր բարոյահոգեբանական մթնոլորտի մասին:
Սպասենք համալսարանը դաժանաբար հեղինակազրկող հերթական ամոթալի նամակի հրապարակմանը, որով Կառավարությանը խնդրում են հաստատել բացահայտ ապօրինությունների արդյունքները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը