22 07 2020

Չեմ պատկերացնում՝ 15000 դիմորդներին պետք է ծանուցեինք․ փոխնախարար

Չեմ պատկերացնում՝ 15000 դիմորդներին պետք է ծանուցեինք․ փոխնախարար

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն այսօր հանդիպում է ունեցել բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած,  սակայն բուհերի իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների ներկայացուցիչների հետ։

Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության մոտեցումը՝  Գ․ Թամրազյանը նշել է, որ դրական միավորներ ստացած դիմորդները կարող են մասնակցել բուհերի թափուր տեղերի մրցույթին, ինչպես նաև դիմել հեռակա համակարգով ընդունելության մրցույթին՝ պահպանելով դրական միավորը կամ այն բարձրացնելով։ Ընդ որում, դրական միավորներով նախընտրած ֆակուլտետ չընդունված շուրջ 739 դիմորդից շուրջ 550-ն արդեն դիմել է ընդունելության լրացուցիչ փուլին, որն անցկացվում է ըստ առկա թափուր տեղերի։ Գնահատման և թեստավորման կենտրոնը, նախարարության առաջարկով, այժմ քննարկում է լրացուցիչ փուլին դիմելու ժամկետը երկարաձգելու հարցը։ Լրացուցիչ փուլի արդյունքների ամփոփումից հետո դրական միավորներ ստացած, սակայն նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդները կարող են  դիմել բուհերի հեռակա համակարգում սովորելու, որտեղ ևս, ինչպես նշել է նախարարի տեղակալը, ընդունելությունն այս տարի նախարարության միջնորդությամբ կատարվելու է մեկ քննությամբ։ Փաստացի դրական միավոր ստացած դիմորդները կարող են առանց քննության ընդունվել նաև հեռակա  համակարգ՝ ներկայացնելով ԳԹԿ-ի տրամադրած դրական միավորի հավաստագիրը։

Ընդհանուր առմամբ, այս տարի  բարձրագույն ուսումնական  հաստատություններ ընդունվելու հայտ է ներկայացրել ավելի քան 13 հազար դիմորդ,  2200-ը ստացել է անբավարար` դուրս մնալով մրցույթից։

Նախարարի տեղակալը դիմորդներին և նրանց ծնողներին պարզաբանել է, որ մասնագիտությունների մրցույթն անցկացվել է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ։ Ընդունելության նոր կարգը հաստատվել է ընդունելության քննությունների մեկնարկից մոտ մեկուկես ամիս առաջ։

Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթում չհաղթած դիմորդների համար մրցույթն անցկացվել է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են եղել թափուր տեղեր։

«Այս կարգը ընդունվել  է արտակարգ ռեժիմի պայմաններոմ, չեմ պատկերացնում՝ 15000 դիմորդներին պետք է ծանուցեինք, որ առաջին հայտի գերակայություն է լինելու: Երկրորդ, երրորդ կամ հինգերերոդ հայտերի դեպքում նախորդ տարիներին նույն կարգն է գործել՝ փոփոխություն չի կատարվել: 739 դիմորդ բավարար գնահատական են ստացել և չեն ընդունվել, բայց ունենք թափուր տեղեր:

Ես հանդիպումից առաջ տեղեկացա, որ արդեն շուրջ 550 դիմորդ դիմել է թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար: Ինչ վերաբերում է նրան, որ փորձում ենք խոչընդոտներ ստեղծել, ես նշեցի, որ 13000 մարդ է մասնակցել միասնական քննություններին, որի արդյունքում 739 մասնակից մրցույթի արդյունքում դուրս է մնացել, որը քիչ տոկոս է կազմում: 13000-ից 2200 ստացել է անբավարար, իսկ 739-ից եթե 550-ը  դիմել է թափուր տեղերի համար, պարզ է դառնում, որ 200 մարդ դեռ չի դիմել, բայց ժամանակ ունեն գրանցվելու համար»,- ասաց փոխնախարարը:

Գրիշա Թամրազյանը հավելեց,  որ դրական միավորներ ստացած դիմորդները հետաքրքրվում են հեռակա ընդունելության քննություներին մասնակցելու համար: Այդ պատճառով  նախարարության հետ քննարկվել է, որ հեռակայի ընդունելությունը նույնպես անցկացվի մեկ քննության միջոցով և այն դիմորդները, որ ստացել են դրակայն միավորներ, կկարողանան մասնակցել հեռակա ընդունելությանը՝ առանց նոր քննություն հանձնելու. «Մենք ստեղծում ենք բոլոր հնարավորությունները, որ 739 դիմորդները հնարավորություն ունենան իրենց ուսումը շարունակելու բուհում:

Դիմելով ծնողների այն բողոքին, որ դիմորդները չեն իմացել առաջին հայտի գերակայության մասին փոխնախարարը նշեց.

«Եթե դիմորդը պատրաստվում է մտնել բուհ, ինչպես կարող է լիովին ծանոթ չլինել քննության կարգին: Կարծում եմ՝ առաջին հայտին գերակայություն տալը կարևոր է: Առաջին հայտի գերակայությունը նրա համար է, որ դիմորդը դիմելուց որոշի՝ ապագայում ինչ մասնագիտություն է ուզում ունենա, այդ բաժին էլ ընդունվի»:

Անդրադառնալով ծնողների այն առաջարկին, որ նախարարությունը բուհերում տեղեր ավելացնի և չընդունված դիմորդները ընդունվեն և առաջին կիսամյակից հետո վատ առաջադիմությունը ունեցող ուսանողները դուրս մնան, փոխնախարարը նշեց, որ եթե առաջարկությունը ընդունվի, դա կլինի օրենքի կոպտագույն խախտում:

Համալսարանը հնարավորություն չունի այդքան ուսանող ընդունի տվյալ մասնագիտւթյամբ: Սակայն փոխնախարարը խոստացավ, որ ծնողների ներկայացրած դիմումը կներկայացնի ԿԳՄՍ նախարարին:


Ընդունելության կարգը տեղադրված է եղել dimord.am էլեկտրոնային հարթակում, որի միջոցով կատարվել է ընդունելության դիմումների հայտագրումը։ Բոլոր դիմորդները ընդունելության հայտ ներկայացնելուց առաջ հավաստել են, որ ծանոթացել են ընդունելության կարգին և, ըստ այդմ համաձայնել են, որ տեղյակ են առաջին հայտի գերակայության իրավակարգավորմանը։ Բացի այդ՝ առաջին հայտի գերակայության մասին  կատարվել է հանրային պատշաճ իրազեկում․ այդ մասին բազմիցս հրապարակավ խոսել է ԿԳՄՍ նախարարը, ԳԹԿ ներկայացուցիչները, նախարարության տարբեր պաշտոնյաներ, ԶԼՄ-ները նույնպես անդրադարձել են թեմային։

Անդրադառնալով դիմորդների ներկայացուցիչների առաջարկությանը, որ կառավարությունը դրական միավորներ ստացած դիմորդներին կարող է ավելացնել լրացուցիչ տեղեր՝ նախարարի տեղակալ Գրիշա  Թամրազյանը նշել է, որ  ի սկզբանե տրամադրվել են առավելագույն թվով տեղեր՝  հաշվի առնելով բուհերի լիցենզիաներով սահմանված տեղերի քանակը։

Դիմորդների ներկայացուցիչները խոստացել են իրենց առաջարկը գրավոր ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ