03 07 2020

Պարոն նախարար, այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը․ «Հայոց եկեղեցու պատմության» ուսուցիչներ

Պարոն նախարար, այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը․ «Հայոց եկեղեցու պատմության» ուսուցիչներ

Արմավիրի մարզի, Արմավիրի տարածաշրջանի «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող մի խումբ ուսուցիչներ դիմում-նամակ են ուղղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ կոչ անելով առարկան չհանել հանրակրթական դպրոցների ծրագրերից։

Նամակը ստորև․

Հարգելի պարոն նախարար Արայիկ Հարությունյան, Ձեզ դիմում են Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող մի խումբ ուսուցիչներ։ Համոզված ենք, որ «նոր Հայաստանում»՝ ժողովրդավարական Հայաստանում, առաջին հերթին լսելի պետք է լինի հենց ժողովրդի ձայնը։ Մենք՝ ուսուցիչներս, ժողովրդի մի մասնիկն ենք։

Ուսուցչի աշխատանքը բոլոր ժամանակներում էլ եղել է հարգված ու պահանջված աշխատանք։ Ուսուցիչը մարդու կյանքում, աշակերտի կյանքում երկու շատ կարևոր դեր է կատարում. մարդու «ՄԱՐԴ» ձևավորման գործում և երկրորդ՝ նրա կրթության հարցում։ Ուսուցիչը երեխային պետք է տա հոգի, կամք ու բարձրագույն բարոյական արժեքներ։

Եթե երբևէ ներկա լինեիք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի որևէ դասաժամին, եթե երբևէ առանձին հանդիպում ունեցած լինեիք ՀԵՊ դասավանդող ուսուցիչների հետ, ապա կտեսնենք, որ վերոնշյալ արժեքները մեծավ մասամբ ձևավորվում են հենց այս դասաժամերի ընթացքում։

Այսօր ավելի քան երբևէ մեր պետությունը կարիքն ունի գիտակից քաղաքացիների ձևավորման, կարիքն ունի այնպիսի հասարակության ձևավորման, որում իշխող լինի «ՀԱՅ» տեսակը։

Պարոն նախարար, այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը։ Այն ինչը «հայկական» է, կրճատվում է, տեղը զիջում օտարածին ներմուծումների։ Մենք դեմ չենք բարեփոխումներին,դեմ չենք թարմացված և ամուր կրթական համակարգ ունենալուն, բայց եկեք առաջ գնանք՝ պահպանելով հայկականը։ Եկեք վերցնենք լավը, վերցնենք այն, ինչը չի վնասի մեր արմատներին։

Եթե մի փոքր ազնիվ լինենք, կնկատենք, որ մեր արած յուրաքանչյուր քայլ հարվածի տակ է դնում գալիք սերունդին, նոր եկող հային։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չունի լոկ քրիստոնեություն քարոզելու առաքելություն, ինչը շատ հաճախ սիրում են շահարկել։ Այն դաստիարակող է. սերմանում է բարություն, ընկերասիրություն, համբերություն, ծնողասիրություն, սովորեցնում է սեփական ժողովրդի ծեսերն ու ավանդույթները, ծանոթացնում տոներին, պատմում աշխարհում այլ կրոնների և կրոնական ավանդույթների մասին։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չի կարող ինտեգրվել այլ առարկայի մեջ. չէ՞ որ տարբեր են առարկաների նպատակներն ու չափորոշիչները։

Մենք ապրում ենք ազատ և ժողովրդավարական երկրում։ Ուրեմն մի՛ բռնացեք մեր ընտրությանը, մի՛ բռնացեք մեր կարծիքին։

Անենք այնպես, որ մեր սերունդները չմեղադրեն մեզ, ինչպես մենք ենք հաճախ մեղադրել մեր նախորդներին։

Անենք սա ի շահ Հայաստան աշխարհի, ի շահ մեր ավանդույթների և ազգային արժեքների։

Հարգանքներով՝

Գրիգորյան Անահիտ

Ավետիսյան Սիրունիկ

Կարապետյան Ամալյա

Պետրոսյան Լարիսա

Պոզոյան Հայկանուշ

Պապինյան Սվետլանա

Բադալյան Լիլիթ

Ավետիսյան Նարինե

Աբրահամյան Ժաննա

Ենոքյան Գոհար

Բաղդասարյան Սեդա

Հակոբյան Ռեբեկա

Ղամբարյան Մերի

Ավետիսյան Արմենակ

Գալստյան Անուշ

Հակոբյան Գոհար

Հակոբյան Մարիամ

Մուրադյան Լալա

Հարությունյան Սեդա

Պողոսյան Վարդանուշ

Աղաջանյան Հասմիկ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ