Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 15-ի նիստի ժամանակ քննարկվեց նաև ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած նախագիծը, որով նաև առաջարկվում է աշխատող ուսանողների ուսման վարձը վերադարձնել եկամտային հարկի տեսքով:
Քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկեց, որ հիմնական թիրախը լինեն երիտասարդները. «Հետաքրքիր նախագիծ է, բայց այնուհանդերձ, իմ կարծիքով՝ մենք անուղղակի մի բան ենք խթանում, որի մասին կուզեմ, որ դուք մտածեք: Մեծ հաշվով դուք խոսում եք մարդկանց մասին, ովքեր առաջին անգամ են մագիստատուրայի խողովակով փորձում աշխատաշուկա մուտք գործել, բայց կարծում եմ այս նախագծն ընդունելուց հետո ավելի շատ հակառակ երևույթը կլինի: Այսինքն մարդ ունի աշխատանք և արդեն զբաղված է որևէ տեղ, կսկսի արհեստականորեն գնալ մագիստրատուրա, որովհետև այդ մասով եկամտային հարկը լինում է ու մեծ հաշվով կրթության կարևորությունը նվազում է: Հիմա կարող է 45 տարեկան մարդը, որն արդեն ինչ-որ մի տեղ զբաղված է, գրանցված աշխատում է, դուք իրեն ասում եք, որ եթե դու մագիստրատուրայում սովորում ես, ես քո եկամտային հարկն ուսմանդ վարձի մասով հետ եմ վերադարձնում: Իր համար ռացիոնալ վարքագիծ է դա, կգա կգրանցվի, մի հատ էլ մագիստրատուրայի դիպլոմ կստանա: Կարծում եմ, որ հիմնական թիրախը պետք է դնենք երիտասարդների վրա»,- նշեց պատգամավորը:
Սիսակ Գաբրիելյանն էլ արձագանքելօով գործընկերոջը, նշեց. «Ամենաթանկը ժամանակն է, իսկ մագիստրատուրայում սովորելը ենթադրում է որոշակի ժամանակ, նաև այն, որ եթե դու չես սովորում, քեզնից ավելի ցածր ուսանողների մոտ որոշակի նեղվածություն է լինում: Ես այս պահին սովորում եմ և երբ մի բալ ցածր եմ ստանում, դրանից նեղվում եմ: Այսինքն, այնպես չէ, որ այդ մարդն ինչ-որ բան չի կորցնելու, ինքն այդտեղ սովորելու է, քննությունների է մասնակցելու, դասերի է գնալու և այլն, չեմ կարծում, որ որևէ օգուտ չի տալու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը