Yerkir.am-ը տպագրել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանի հդովածը, որը վերաբերում է իր պաշտոնավարման տարիներին գրանցած արձյունքներին։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև։
Վերջին շրջանում անհիմն, շանտաժային որակումների «ջերմ» մթնոլորտում երբեմն առկայծում են կրթության հիմնահարցերին վերաբերող որոշ գնահատումներ, և անընդհատ փորձ է կատարվում իմ՝ կրթության և գիտության նախարար պաշտոնավարելու տարիների վերաբերյալ վարկաբեկիչ, պիտակավորող «արժևորումների» գործելաոճ կիրառել։ Ըստ այդմ՝ հարկ եմ համարում ներկայացնել իմ պաշտոնավարման տարիների ընթացքում արձանագրված արդյունքների մի մասը։
Պաշտոնավարման տարիներ՝ 1998թ. ապրիլ- 1999թ. հունիս
Պաշտոնը ստանձնել եմ խիստ բարդ իրավիճակում։ Խորհրդային կրթական համակարգի փլուզումից հետո թերֆինանսավորման, արժեհամակարգերի փոփոխության պայմաններում իմ նախորդներին թեև հաջողվել էր փրկել կրթական ինստիտուցիոնալ կառույցները կազմաքանդումից, բայց կուտակված էին մնում հսկայական հիմնախնդիրներ։ Մասնավորապես՝
Իրավիճակը հաշվի առնելով՝ դեռևս նախորդ նախարարի ժամանակ բանակցություններ էին սկսվել Համաշխարհային բանկի հետ՝ կրթական բարեփոխումներին ուղղված վարկային ծրագիր ձևավորելու համար։
Մեկ տարի երկու ամիս լարված աշխատանքի շնորհիվ կարողացանք՝
Փոխվեց դպրոցների կառավարման համակարգը, դրանք դարձան ինքնուրույն իրավաբանական անձ, մշակվեց դպրոցների՝ խորհուրդներով կառավարման մոդելը, սկսվեց ըստ աշակերտի ֆինանսավորումը և դպրոցների ինքնավարության ֆինանսական բաղադրիչի արմատավորման ծրագիրը.
Պաշտոնավարման տարիներ՝ 2001թ. նոյեմբեր – 2003թ. հունիս
Շարունակելով նախարար Է.Ղազարյանի բովանդակային փոփոխությունների քաղաքականությունը՝ մշակվեց ազգային կրթակարգը, որն իր տեսակի մեջ առաջինն էր տարածաշրջանում։ Վրաստանը միայն տարիներ անց իրականացրեց նման ծրագիր։ Ծրագիրն ուղղված էր հանրակրթական դպրոցների որակի բարձրացմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը մեծ ու փոքր, քաղաքային և մարզային դպրոցների համար։ Հիմնական շեշտադրում էր կատարված ազգային դաստիարակության համար անհրաժեշտ առարկայախմբերի առկայությանը, ներմուծված էր քաղաքացիական և իրավական կրթության առարկայախումբը։
Գործադրվեց ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համալիր ծրագիրը։
Վերականգնվեցին շատ նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններ։
Project Harmony կազմակերպության հայկական ներկայացուցչության հետ սկսվել էր փորձնական ծրագիր՝ շուրջ 150 դպրոց կոմպյուտերիզացնելու և ցանցային կապով կապելու ուղղությամբ։ Այդ հիմքով բանակցություններ սկսվեցին Համաշխարհային բանկի հետ ապագա վարկային ծրագրի շուրջ, որի ժամանակ մշակվեց և իրականացվեց Հայաստանի հանրակրթական դպրոցների համալիր կոմպյուտերիզացիայի և ցանցի ձևավորման մեծ նախաձեռնությունը։
Հիմնվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) և սկսվեց դպրոցները համակարգիչներով ապահովելու ծրագրի իրագործումը։ Վարկային ծրագիրն իրականացվեց հաջորդ նախարար Ս. Երիցյանի պաշտոնավարման ընթացքում և արձանագրեց լուրջ արդյունքներ։
Այս շրջանում էր, որ կրթական համակարգը պահպանման տրամաբանությունից անցում կատարեց զարգացման և եվրոպական կրթական համակարգում ներառվելու՝ հավակնոտ խնդրի կատարմանը։
Հայաստանում սկսվեցին աշխատանքներ բարձրագույն կրթական համակարգը եվրոպական չափորոշիչներին մոտեցնելու և եվրոպական մասնագիտական կրթական դաշտի մեջ ընդգրկվելու ուղղությամբ։ Մենք պիլոտային մակարդակով մաս կազմեցինք համաեվրոպական մի քանի ծրագրերի։
Պաշտոնավարման տարիներ՝ 2006թ. մայիս – 2008թ. հունիս
Երկրում իրականացվել էր երկրորդ վարկային ծրագրի մեծ մասը։ Ընդունվել էին կրթական մի շարք ոլորտներ կանոնակարգող օրենքներ։ Մենք մաս էինք կազմել Բոլոնիայի համաեվրոպական գործընթացին, ներդրվել էր բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը։
Հիմնական նպատակ էր դարձել երկիրը նախապատրաստել կրթական որակի նոր չափանիշների ընդունմանը և կրթական արդյունքների ճանաչմանը միջազգային մակարդակով։
Ավարտվեց բուհական ընդունելության քննությունները նախարարությունից անկախ իրականացնելու ծրագիրը։ Գիտելիքների թեստավորման կենտրոնը սկսեց լիարժեք աշխատել։ Հետագայում այս կենտրոնը տեղափոխվեց վարչապետի աշխատակազմ։
Ձևավորվեց կրթության որակի ապահովման անկախ կենտրոնը, որն իր հետևողական աշխատանքի շնորհիվ այսօր լիարժեք ճանաչված է ամենահեղինակավոր միջազգային կառույցների կողմից։
Մշակվեց որակավորումների ազգային շրջանակը, ինչը հնարավոր դարձրեց ՀՀ կրթության որակի ճանաչումը միջազգային մակարդակով։
Լիարժեք սկսեց աշխատել կրթական վիճակագրության համակարգը ՀՀ-ում, և այն ստացավ բարձր գնահատական մեր միջազգային գործընկերների կողմից։
Սկսվեցին աշխատանքներ Հայաստանում ավագ դպրոցների ձևավորման ուղղությամբ։ Ավագ դպրոցների ցանցը պետք է ապահովեր կրեդիտային համակարգի լիարժեք ներդրումը կրթական համակարգում և դյուրացներ հանրակրթություն – բակալավրիատ անցումը։ Ծրագրի համար ընտրվեց փորձնական դպրոցների խումբ։ Քաղաքականության իմպլեմենտացիան սկսվեց 2008թ.-ից հետո։
Պաշտոնավարման տարիներ՝ 2016թ. փետրվար – 2018թ. ապրիլ
Պաշտոնավարման այս շրջանում կրթագիտական համակարգի առջև ծառացած էին որակապես այլ հիմնահարցեր։ Նոր՝ ժամանակակից աշխարհին բնորոշ կրթակարգի կառուցումը, համալսարանական կրթության որակի, միջազգային վարկանիշային ցանկերում ներառվելու հրամայականը, գիտություն, կրթություն և աշխատաշուկա գործնական և կիրառելի մոդելի ձևավորումը կարևոր նպատակներ էին և շարունակում են մնալ նաև այսօր։ Կատարվել էր մեծ աշխատանք։ Հայաստանում էր գումարվել եվրոպական բարձրագույն կրթության համակարգի ամենահեղինակավոր համագումարներից մեկը։ Ընթացք էր տրված «Հորիզոն-2020» գիտական խոշորագույն ծրագրին անդամակցելու գործընթացին։ Սկսվել էր բարձրագույն կրթության նոր օրենքի մշակման աշխատանքը։ Սկսվել էր ավագ դպրոցների վերանորոգման համալիր ծրագիրը, ընտրվել էին համապատասխան դպրոցները։
Այս ծրագրերից շատերը ներկայումս իրագործման փուլում են։
Վերջում մի կարևոր եզրահանգում՝ կրթական բարեփոխումների հաջողության գրավականը աշխատանքների շարունակականության մեջ է։ Շարունակականություն, որն ընդունակ է հենվելու նախկին դրական փորձի վրա և առաջարկելու նոր՝ առավել կատարելագործված զարգացման մակարդակ։
Հ.Գ. Այնուհանդերձ, եթե կրթության շուրջ ներկայումս նկատվող դիսկուրսը տեղափոխվի բովանդակային դաշտ, կցանկանայի կատարել մի շարք հարցադրումներ, որոնք էության մեջ ռազմավարական են, և սրանց պատասխաններից է կախված կրթական քաղաքականության ուղղությունը։ Բնականաբար, հարցադրումները կատարվում են՝ իմ աշխարհընկալումից ելնելով։
1. Ի՞նչ է կրթությունը և ի՞նչ դեր ունի այն քաղաքակրթության համակարգում։ Արդյոք, կրթությունը միայն գիտելի՞ք է, թե՞ գիտելիք է՝ գումարած շատ կարևոր մեկ այլ արժեք, որը կարող ենք, օրինակ, անվանել դաստիարակություն։
2. Ի՞նչ է կրթական համակարգը և ի՞նչ դերակատարում ունի պետականաշինության մեջ։
3. Ի՞նչ զենք է կրթությունը և ի՞նչ նշանակություն ունի ազգային շահի ու նպատակի իրականացման տեսանկյունից։ Գտնո՞ւմ ենք, արդյոք, որ մեծ ազգերի ռազմավարության մեջ կրթությունն ունի հարձակողական և ծավալապաշտական դերակատարում, իսկ փոքր ազգերի համար կրթությունը ունի մեծ պաշտպանողական ֆունկցիա վերջիններիս լինելիության ապահովման ճանապարհին։
4. Կա՞, արդյոք, համաշխարհային կրթական համակարգ, թե՞ մշակված են ընդամենը համակեցության կանոններ և փոխադարձ ճանաչելիության կոմպրոմիսային քաղաքակրթական չափորոշիչներ։ Ինչպիսի՞ գլոբալ մրցակցություն է գնում աշխարհում կրթական գերտերությունների միջև, և ինչպիսի՞ խնդիրների առջև է կանգնում փոքր երկրների ազգային կրթական համակարգը։
5. Ինչպե՞ս պահել ինքնությունը և ետ չմնալ համաշխարհային առաջընթացից։ Հայաստանում առկա կրթական հավասարակշռության բազմավեկտոր համակարգն ի՞նչ զարգացման հեռանկարներ ունի։
Լևոն Մկրտչյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը